ASDA ստանդարտ պայմանագրի ներդրման վերաբերյալ
Կենտրոնական բանկը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տեխնիկական աջակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ներդնում է հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր՝ Armenian Standard Derivatives Agreement (ASDA), որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության (securities lending) գործարքների համար։
ASDA ստանդարտ պայմանագիրը համահունչ է միջազգային լավագույն պրակտիկային և հարմարեցված է Հայաստանի օրենսդրական պահանջներին։ Փաստաթուղթը մշակվել է՝ հիմք ընդունելով 2002 թվականի ISDA (International Swaps and Derivatives Association) գլխավոր համաձայնագիրը, ինչպես նաև 2022 թվականին ներդրված ISDA արժեթղթերի ֆինանսավորման գործարքների հավելվածը։
ASDA պայմանագիրը
- ճկուն է․ կարող է կարգավորվել ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա օրենսդրությամբ։
- ունիվերսալ է․ կիրառելի է ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների համար։
- որակյալ է․ ապահովում է հստակություն, կանխատեսելիություն և վստահություն կողմերի համար՝ լինելով գլոբալ ճանաչում ունեցող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագրի օրինակ:
Ներդրվող ստանդարտ պայմանագիրը ֆինանսական շուկայի մասնակիցներին կարող է ընձեռել հետևյալ առավերությունները.
- կօգնի արդյունավետ կերպով զսպել ֆինանսական ռիսկերը,
- կկրճատի գործարքների համաձայնեցման երկարատև ու բարդ գործընթացները,
- կնվազեցնի անհատական պայմանագրերի պայմանների համաձայնեցմամբ պայմանավորված լրացուցիչ իրավաբանական ծախսերը,
- կապահովի իրավական հստակություն և կանխատեսելիություն,
- կհեշտացնի միջազգային գործընկերների հետ վստահելի և լայնածավալ գործարքների իրականացումը։
Ընդհանուր առմամբ, ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը նոր հնարավորություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար՝ խթանելով ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների զարգացումը։ Ավելին՝ այս պայմանագրով իրականացվող բորսայական ռեպո գործարքները կարող են հիմք հանդիսանալ դրամական շուկայի վստահելի ուղենշային տոկոսադրույքի ձևավորման համար, որը կարևոր նախապայման է՝ առաջ գնալու և մյուս ֆինանսական շուկաները խորացնելու համար։