Մեկնարկել են «Ֆինանսական ներառման դաշինքի» (AFI) աշխատանքային խմբերի հանդիպումները

Հայաստանում անցկացվում են «Ֆինանսական ներառման դաշինքի» (AFI) աշխատանքային խմբերի հանդիպումները

Ապրիլի 7-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել են «Ֆինանսական ներառման դաշինքի» (AFI) Սպառողների զորակցման և շուկայական վարվելակերպի և Գլոբալ ստանդարտների համաչափության աշխատանքային խմբերի հանդիպումները։

Շուրջ 80 երկրների ֆինանսական ոլորտի առաջատար փորձագետներ համախմբվել են քննարկելու ներառական ֆինանսական համակարգերի զարգացման հեռանկարները։ Կենտրոնական բանկերի և ֆինանսական կարգավորող մարմինների ներկայացուցիչները Հայաստանում են լինելու մինչև ապրիլի 10-ը՝ հրատապ մարտահրավերները համատեղ ջանքերով քննարկելու համար։

Միջոցառումը կարևոր հարթակ է միջազգային ֆինանսական ներառման առաջատար փորձագետների, քաղաքականություն մշակողների և կարգավորող մարմինների ներկայացուցիչների համար՝ ներառական ֆինանսական համակարգերի միջև համագործակցության խթանման նպատակով:

Միջազգային գործընկերները բարձր են գնահատում ֆինանսական ներառման ոլորտում Հայաստանի դերակատարումը՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ աշխատանքը մշտապես հիմնված է եղել փորձի փոխանակման և նոր գիտելիքի ստեղծման վրա։

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվում են նաև ֆինանսական շուկաներում սպառողների պաշտպանությունը բարելավելու և զարգացող տնտեսություններում համաշխարհային չափանիշների համաչափ կիրառմանը նպաստելու մասին հարցեր:  

Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում միջազգային ֆինանսական ներառման առաջատար փորձագետների, քաղաքականություն մշակողների և կարգավորող մարմինների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը առանցքային քայլ է՝ ներառական ֆինանսական համակարգերի գլոբալ առաջխաղացման ուղղությամբ։ Հայաստանը շարունակում է ունենալ իր կարևոր դերակատարումը՝ կիսվելով սեփական փորձով և կիրառելով միջազգային լավագույն փորձը։