Կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 27-րդ նիստը
ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 27-րդ նիստ
Մարտի 27-ին կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 27-րդ նիստը:
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:
Հասմիկ Ղահրամանյանը նշել է, որ տարին միտված է լինելու նախորդ 5 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփմանը, նոր գաղափարների հավաքագրմանը և հաջորդող 5 տարիների համար նոր ծրագրի մշակմանը: Վերջինս մշակելիս հաշվի են առնվելու ֆինանսական ունակությունների գնահատման արդյունքները և քննարկումների արդյունքում դուրս բերված առաջարկները:
Արաքսյա Սվաջյանն իր հերթին կարևորել է ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ շրջափուլի բարեհաջող ամփոփումը և ընդգծել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշտական պատրաստակամությունը ֆինանսական կրթման աշխատանքների գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նախորդ 5 տարիների աշխատանքներին՝ վերլուծելով իրականացված ծրագրերը, ձեռքբերումներն ու բացթողումները:
Հանձնաժողովի նիստին տեղի է ունեցել հատուկ քննարկում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող՝ գերպարտք ունեցող սպառողների աջակցմանը միտված պետական ծրագրի վերաբերյալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ժորա Սարգսյանը ներկայացրեց ծրագրի հիմնական սկզբունքները, որին հաջորդել է մտքերի փոխանակում և գաղափարների հավաքագրում հանձնաժողովի անդամների կողմից:
Նիստի ընթացքում հանձնաժողովը տեղեկացվել է, որ արդեն մեկնարկել է ՀՀ բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հետազոտության գործընթացը, որի արդյունքները կարևոր ցուցիչներ կտրամադրեն հետագա աշխատանքների համար:
Հաջորդ նիստին հանձնաժողովի անդամները կներկայացնեն ֆինանսական կրթման վերաբերյալ իրենց կառույցների տեսլականը և նախատեսվող նախաձեռնությունները՝ համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով: Նաև նախատեսվում է թարմացնել շահառուների շրջանակը՝ ընդլայնելով ներգրավված կազմակերպությունների ցանկը:
Հանձնաժողովը շարունակում է հետևողական աշխատանքը՝ Հայաստանում ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման և բնակչության ֆինանսական կարողությունների զարգացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ֆինանսական կրթման ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և վերանայվել է 2021 թվականին՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ձեռք բերված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019թ․» հետազոտության արդյունքները: