Իրավական փոփոխություններ դրամավարկային քաղաքականության գործառնությունների իրականացման վերաբերյալ

Նոր խմբագրությամբ հաստատված փոփոխություններն առավել հստակ ու թափանցիկ են դարձնելու «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացը

Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թ. դեկտեմբերի 26-ի նիստում նոր խմբագրությամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանությունը» և ««Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման ժամանակ ոչ պետական պարտատոմսերի (կորպորատիվ արժեթղթերի) նկատմամբ կիրառվող չափանիշները»։

Նոր խմբագրությամբ հաստատված փոփոխություններն առավել հստակ ու թափանցիկ են դարձնելու «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացը: Մասնավորապես, արժեթղթեր թողարկող կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախքան արժեթղթերի թողարկումը հստակեցնել՝ արդյո՞ք թողարկվող արժեթուղթը (պարտատոմսը) կարող է ընդունելի լինել Կենտրոնական բանկի հետ ռեպո գործառնությունների համար, թե՞ ոչ: Առավել պարզեցվելու է վարկանիշ ունեցող պարտատոմսերի՝ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում ներառվելու գործընթացը:

Այս փոփոխությունները Կենտրոնական բանկին հնարավորություն կտան նաև կիրառել ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի վարկային ռիսկի գնահատման նոր մեխանիզմներ, իսկ ակտիվների կառավարման տեսանկյունից՝ ավելի արդյունավետ գնահատել և նվազեցնել Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերը:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ վերջինս կնպաստի նաև արժեթղթերի շուկայի զարգացմանը։

 

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

հեռ. (010) 592592-0702

էլ-փոստ. mcba@cba.am

www.cba.am