Կիսամյակի ընթացքում COVID-19 համավարակի մարտահրավերների պայմաններում Հայաստանի ֆինանսական համակարգը կարողացել է պահպանել կայունությունը և արձանագրել աճի ցուցանիշներ

Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2020 թ. առաջին կիսամյակ» պարբերականը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը 2020 թ. առաջին կիսամյակում գործել է արագ փոփոխվող ու անորոշ մակրոտնտեսական միջավայրում, այնուամենայնիվ, վերջինիս հաջողվել է ապահովել տնտեսությունում ֆինանսական ծառայությունների մատուցման անընդհատությունը: Կիսամյակի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկն նախաձեռնել է մի շարք պրուդենցիալ միջոցառումներ, որոնք ուղղված են եղել համավարակի հետևանքով դրսևորված ռիսկերի պայմաններում բանկային համակարգի գործունեության անընդհատությանն ու կորուստների կլանման ունակության բարձրացմանը:

  • Համավարակի տարածումը կանխելուն ուղղված առողջապահական սահմանափակումների հետևանքով համաշխարհային տնտեսությունում 2020 թ. առաջին կիսամյակում արձանագրվել է տնտեսական անկում, միևնույն ժամանակ տնտեսական աճի վերականգնման ժամկետները և տեմպերը խիստ անորոշ են։
  • Ներքին և արտաքին պահանջարկի կրճատումը, համավարակի զգալի խորացմամբ պայմանավորված մի շարք հակահամաճարակային միջոցառումների, սահմանափակումների կիրառումը նշանակալի բացասական ազդեցություն են ունեցել նաև ՀՀ տնտեսական աճի վրա:
  • Ֆինանսական համակարգին հաջողվել է ապահովել տնտեսությունում ֆինանսական ծառայությունների մատուցման անընդհատությունը. 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ֆինանսական համակարգի կողմից տնտեսությանը վարկավորման աճ է գրանցվել։
  • Առևտրային բանկերի նախաձեռնությամբ իրականացված վարկային արձակուրդները և վարկերի պայմանների վերանայումները հնարավորություն են տվել համաճարակից առավելապես տուժած վարկառուներին վերաբաշխելու իրենց պարտքի սպասարկման բեռը՝ խուսափելով վարկային պատմության վատթարացումից:
  • Բանկային համակարգը շարունակում է մնալ կապիտալացված և իրացվելի: Համավարակի հետ կապված զարգացումներն ու տնտեսական ակտիվության վերականգնման հեռանկարները դեռևս անորոշ են, և տնտեսության մեջ եկամուտների և խնայողությունների կրճատմանը զուգընթաց ապագայում հնարավոր է վարկավորման աճի տեմպերի դանդաղում, վարկային պորտֆելի որակի վատթարացում։ ՀՀ ԿԲ համապատասխան միջոցառումներ է նախաձեռնում ֆինանսական հաստատությունների ճկունության և ռիսկերի կլանման ունակության բարձրացման ուղղությամբ:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ հասարակայնության հետ կապերի ծառայություն