Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 1.0 տոկոսային կետով և սահմանվեց 6.25 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 1.0 տոկոսային կետով և սահմանվեց 6.25 տոկոս

2009 թվականի մայիսի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%:

Խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները համահունչ են նախանշված ուղղություններին և կանխատեսվող հորիզոնում այն կպահպանվի նպատակային միջակայքի սահմաններում:

Խորհուրդը միակարծիք է, որ համաշխարհային պահանջարկի շարունակվող կրճատման հետևանքով արտաքին և ներքին շուկաներում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պահպանման, ինչպես նաև  կանխատեսվածից ավելի խորը տնտեսական անկման պայմաններում, 2009 թվականի մարտի սկզբին ազգային արժույթի արժեզրկման արդյունքում գնաճի` նպատակային թիրախը գերազանցելու ռիսկերի հետագա դրսևորումները քիչ հավանական են:

Խորհուրդը գտնում է, որ ստեղծված իրավիճակում առավել արդյունավետ է տնտեսական աճի աջակցման քաղաքականությանը նպաստել դրամավարկային պայմանների կտրուկ թուլացմամբ` ինչպես տոկոսադրույքների իջեցման, այնպես էլ առավել ակտիվ ծավալային ընդլայնում իրականացնելու միջոցով: