Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 7.75 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 7.75 տոկոս
2008 թ. նոյեմբերի 4-ի նիստում ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7.75%:
2008 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է 2.7 տոկոսային կետով` կազմելով 8.6%:
ԿԲ խորհուրդը հաստատեց, որ երրորդ եռամսյակում ներքին և արտաքին միջավայրի զարգացումները հիմնականում համահունչ են եղել տոկոսադրույքների նախորդ նիստի ժամանակ ներկայացված գնահատականներին, իսկ հոկտեմբերին արտաքին միջավայրի գնաճային ճնշումները, կրելով համաշխարհային պահանջարկի անկման ազդեցությունը, շարունակել են թուլանալ՝ արտահայտվելով պարենային և ոչ պարենային ապրանքների միջազգային գների հետագա նվազմամբ: Ընդ որում, արտաքին գնաճային ճնշումների թուլացման վերջին մի քանի ամիսներին նկատվող միտումները, թեև ոչ ամբողջությամբ, սկսել են արտահայտվել նաև ներքին շուկայում:
ԿԲ խորհուրդը, հաշվի առնելով միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ապրանքային շուկաներում գների բարձր տատանողականությունը, ճգնաժամի տևականության և դրա հետևանքների հաղթահարման ժամկետների անորոշությունները, ինչպես նաև ներքին շուկայում գնային ճշգրտումների դանդաղ ընթացքը, նպատակահարմար է գտնում պահպանել տոկոսադրույքների անփոփոխ մակարդակը: