Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.25 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.25 տոկոս

2008 թ. հուլիսի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:

2008 թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է  0.5 % գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%: Թեև այն շարունակել է նվազել՝ 0.3 տոկոսային կետով ցածր լինելով մայիսին արձանագրված համանման մակարդակից,  սակայն գերազանցում է նպատակային թիրախի վերին սահմանը շուրջ 4 տոկոսային կետով:

ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրված նվազմանը՝ դրանք դեռևս չեն արտահայտվել ներքին գների վրա և այդ նվազման արտահայտման արագությունն ու  չափը մնում են անորոշ: Միաժամանակ, նավթամթերքի միջազգային գները շարունակում են բարձր մնալ՝ լրացուցիչ գնաճային ռիսկեր պահպանելով ինչպես ուղղակի, այնպես էլ իրենց երկրորդային ազդեցություններով:

Կարևորելով գնաճային սպասումների մեղմման և նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները` ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումը կախված կլինի առաջիկա ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների վերոնշյալ միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից: