Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.75 տոկոս

2008 թ. մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%:

2008 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 10.7%՝ շուրջ 4 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:

ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ համաշխարհային պարենային շուկաներում բարձր գնաճային միջավայրը և դրանով պայմանավորված պարենային ապրանքների ներքին գների վրա ճնշումները շարունակել են պահպանվել, իսկ արտաքին միջավայրի հետագա զարգացումների անորոշության աստիճանը մնացել է բարձր: Միաժամանակ, պարենային ապրանքների գների բարձրացման երկրորդային ազդեցությունները առավել ուժգնացել են՝ մեծացնելով գնաճային ճնշումները ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների շուկաներում, և ավելացրել են գնաճային սպասումները:

ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են և դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու արտաքին զարգացումներով պայմանավորված երկրորդային ազդեցությունները և գնաճային սպասումները: