Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6.50 տոկոս

2008 թ. ապրիլի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.50%:

2008 թ. մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 1.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 9.6%՝ շուրջ 3 տոկոսային կետով բարձր լինելով նախորդ տարվա վերջում արձանագրված մակարդակից:

ԿԲ խորհուրդը հաստատեց, որ համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնաճային միջավայրն առաջին եռամսյակում շարունակել է ուժգնանալ՝ էապես անդրադառնալով պարենային ապրանքների ներքին գների վրա:

Միաժամանակ, վերոհիշյալ զարգացումների երկրորդային ազդեցությունները սկսում են դրսևորվել՝ հանգեցնելով ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների բարձրացմանը:

ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ առաջիկայում գնաճային ճնշումները պահպանվելու են և դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմելու գնաճային սպասումները և չեզոքացնելու նշված զարգացումների երկրորդային ազդեցությունները: