Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 7.25 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 7.25 տոկոս

2009 թ. մայիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:

2009 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 3.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ աճել է 2.1 տոկոսային կետով` կազմելով 3.1%:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ գնաճի ընթացիկ զարգացումները հիմնականում համահունչ են կանխատեսվող ժամանակահատվածի համար նախանշված ուղղություններին: Ինչպես և սպասվում էր, գնաճի տեմպը երկրորդ եռամսյակից սկսել է արագանալ, այդուհանդերձ կանխատեսվող հորիզոնում այն չի գերազանցի նպատակային թիրախի վերին սահմանը: Ընդ որում, գնաճի հետագա վարքագիծը հիմնականում կպայմանավորվի մոտակա ամիսների ընթացքում հիմնական կոմունալ ծառայությունների սակագների` ապրիլին տեղի ունեցած բարձրացման երկրորդային ազդեցությունների արտահայտմամբ և մարտի սկզբին դրամի արժեզրկման հետևանքով սկսված ներմուծվող ապրանքների գների ճշգրտման գործընթացի շարունակմամբ: Միաժամանակ, կանխատեսվող հորիզոնում հավասարակշիռ մակարդակից ցածր ՀՆԱ-ն և արտաքին գնանկումային միջավայրը կզսպեն վերոնշյալ գործոնների ազդեցությունը գների ընդհանուր մակարդակի վրա:

Ձևավորված և սպասվող մակրոմիջավայրի ներկա պայմաններում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել գների կայունության և տնտեսության խթանման խնդիրների արդյունավետ համադրումից բխող ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը` տոկոսադրույքների աստիճանական նվազեցման և ծավալային ընդլայնման համակցման միջոցով: