Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով և սահմանվեց 7 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով և սահմանվեց 7 տոկոս

2010 թ. ապրիլի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 7.0%:

2010 թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%:

Խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների և հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձևավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին:

Խորհուրդը գնահատում է, որ ձևավորված մակրոտնտեսական միջավայրի և ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռևս կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն:

Հաշվի առնելով վերոնշյալը, Խորհուրդը շարունակում է կարևորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը`ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձևավորմանը: Վերջինս, Կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար: