Հրապարակային առաջարկ և ազդագրի գրանցման գործընթաց​

Հրապարակային առաջարկ և ազդագրի գրանցման գործընթաց​

 Սույն ուղեցույցն ունի ճանաչողական բնույթ, որի նպատակն է հակիրճ տեղեկատվություն տրամադրել արժեթղթերի հրապարակային առաջարկի, ազդագրի և դրա կիրառման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: 
Ուղեցույցը չի հանդիսանում իրավանաբական խորհրդատվություն, և ցանկացած անձ որևէ գործընթաց իրականացնելիս պետք է հիմնվի օրենսդրության ամբողջական ուսումնասիրության վրա: 
Արժեթղթերի հրապարակային առաջարկը և դրա հետ կապված գործընթացները հիմնականում կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով   (այսուհետ՝ Օրենք), «Ազդագրի և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 4/04), այլ իրավական ու նորմատիվ ակտերով:  
 
1. Ի՞նչ է արժեթղթերի հրապարակային առաջարկը
 
Արժեթղթերի հրապարակային առաջարկը որակավորված ներդրող չհանդիսացող 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկ է։ Կան արժեթղթերի հրապարակային առաջարկի որոշ դեպքեր, որոնց վրա արժեթղթերի հրապարակային առաջարկին առնչվող Օրենքով սահմանված  կարգավորումները չեն տարածվում և այդ դեպքերը սահմանվում են Օրենքի 4-րդ հոդվածով և կանոնակարգ 4/04-ի  գլուխ 3-ով։ 
Հարկ է նշել, որ արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է առանց Օրենքի պահանջներին բավարարող ազդագրի հրապարակման (բացառությամբ սույն ուղեցույցի 2-րդ կետով սաhմանված դեպքերի), իսկ Ազդագիրը կարող է հրապարակվել, եթե այն Օրենքով  և Կանոնակարգ 4/04-ով սահմանված կարգով գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից։​
 
2. Ի՞նչ է ազդագիրը
 
Ազդագիրը թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ Օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը։ Ազդագրի հրապարակման պահանջից առկա են բացառություններ, որոնց ցանկը սահմանված է Օրենքի 6-րդ հոդվածով և Կանոնակարգ 4/04-ի 4-րդ գլխով: Առանց ազդագրի հրապարակման շահագրգիռ ներդրողներին հասանելի փաստաթղթի հիման վրա արժեթղթերի  հրապարակային առաջարկի իրականացման մտադրություն ունեցող թողարկողը (տեղաբաշխողը) պետք է Կենտրոնական բանկից ստանա նախնական թույլտվություն, որի համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկ ներկայացնել Կանոնակարգ 4/04-ի գլուխ 7-ով սահմանված փաստաթղթերը։
Հրապարակային առաջարկները կարող են իրականացվել ազդագրի կամ ծրագրային ազդագրի միջոցով.
Ազդագիր` կիրառվում է արժեթղթերի հրապարակային առաջարկի և/կամ կարգավորող շուկայում առևտրի թույլտվության դեպքում։
Ծրագրային ազդագիր` կիրառվում է առաջարկի ծրագրի հիման վրա թողարկված ոչ բաժնային արժեթղթերի, ինչպես նաև ակտիվներով ապահովված արժեթղթերի կամ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հրապարակային առաջարկի դեպքում։ Ընդ որում՝ ծրագրային ազդագիրը օգտագործվում է, երբ 12 ամսվա ընթացքում նախատեսվում է իրականացնել առնվազն 2 թողարկում: 
Ազդագրի և Ծրագրային ազդագրի ձևի, բովանդակության, ներկայացման, գրանցման և հրապարակման վերաբերյալ դրույթները նույնն են։ Ծրագրային ազդագրին առնչվող որոշ առանձնահատկություններ ներկայացված են սույն ուղեցույցի 10-րդ և 11-րդ բաժիններում։
Ազդագրի կիրառելիության ժամկետը 12 ամիս է, որը հաշվարկվում է ազդագրի հրապարակումից, ինչը նշանակում է որ այդ ժամկետի ավարտից հետո տվյալ ազդագրի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է:
 
3. Ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել ազդագիր գրանցելու համար
 
Ազդագիր գրանցելու համար անհրաժեշտ է, որ թողարկողը կամ տեղաբաշխողը Կենտրոնական բանկ ներկայացնի ազդագրի գրանցման հայտ (Կանոնակարգ 4/04, Հավելված 15): 
 
Հայտին կից ներկայացվում են՝
 
1) ազդագիրը՝ մեկ օրինակից և ազդագրի տեքստի էլեկտրոնային տարբերակը.
2) թողարկողի կանոնադրության պատճեն.
3) պետական տուրքի վճարման անդորրագիրը: Պետական տուրքը կազմում է 
50 000 դրամ և վճարվում է 900005016119 հաշվեհամարին:
4) բաժնետոմսերի (պարտատոմսերի) թողարկման, տեղաբաշխման (կարգավորվող շուկայում առևտրի թույլտվություն ստանալու) մասին իրավասու մարմնի որոշման պատճեն:
 
Ազդագիրը անհրաժեշտ է Կենտրոնական բանկ ներկայացել թղթային (1 օրինակ) և էլեկտրոնային տարբերակներով (PDF ֆորմատով)՝ էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով (Կանոնակարգ 4/04, 34 կետ):
Ազդագիրը պետք է ստորագրված լինի թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) կողմից (Օրենքի 11-րդ հոդված)։
Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական բանկի կողմից գրանցված ազդագիրը (լրացումները), ինչպես նաև հրապարակային առաջարկին և թողարկողին վերաբերող այլ տեղեկատվությունը հրապարակվում են հայերեն։
Օտարերկրյա թողարկողի ազդագիրը Կենտրոնական բանկում գրացելու դեպքում տեղաբաշխողի կողմից փաստաթղթերը կարող են ներկայացվել օտար լեզվով, եթե դրանք ներկայացվում են հայերերն տարբերակի  հետ մեկտեղ:

 

4.  Որո՞նք են ազդագրում ներառվող անհրաժեշտ տեղեկությունները
 
​Ազդագրով բացահայտվում է արժեթղթերի, թողարկողի, նրա գործունեության, ֆինանսական վիճակի և այլնի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որոնք սահմանված են Կանոնակարգ 4/04-ով, մասնավորապես․
Ազդագրի ձևին վերաբերող տեղեկությունները սահմանված են Կանոնակարգ 4/04-ի գլուխ 8-ով,
Ազդագրում ներառվող նվազագույն տեղեկությունները սահմանված են Կանոնակարգ 4/04-ի գլուխ 9-ով, 
Ծրագրային ազդագրի նկատմամբ կիրառվող պահանջները սահմանված են Կանոնակարգ 4/04-ի գլուխ 9․1-ով,
Բաժնետոմսերի հրապարակային առաջարկի կամ կարգավորվող շուկայում առևտրի թույլտվության դեպքում բաժնետոմսերի և թողարկողների մասին տեղեկատվությունը սահմանված է Կանոնակարգ 4/04-ի գլուխ 10-ով։
Պարտատոմսերի և թողարկողների մասին տեղեկատվությունը սահմանված է Կանոնակարգ 4/04-ի գլուխ 11-ով։
Բանկի կողմից թողարկվող պարտատոմսերի և բանկի մասին տեղեկությունները սահմանված են Կանոնակարգ 4/04-ի գլուխ 12-ով։
Ածանցյալ արժեթղթերի և ածանցյալ արժեթղթերի թողարկողի մասին տեղեկությունները սահմանված են Կանոնակարգ 4/04-ի գլուխ 13-ով։
​Ազդագրում ներառվող պատմական ֆինանսական ժամանակաշրջանի  ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկությունների ճշգրտությունը և լիարժեքությունը հավաստվում է անկախ աուդիտորական եզրակացությամբ, որոնց վերաբերյալ պահանջները սահմանված են կանոնակարգ 4/04-ի Հիմնական հասկացություններում, Հավելված 8-ի կետ 18-ով, Հավելված 10-ի կետ 12-ով, Հավելված 11-ի կետ 10-ով։ 

5.  Ե՞րբ է ազդագիրը համարվում գրանցված
 

Ազդագիրը կհամարվի գրանցված Կենտրոնական բանկի կողմից հայտը ստանալու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը, եթե Կենտրոնական բանկն այն չգրանցի մինչ այդ: Մինչև գրանցման օրը Կենտրոնական բանկը պահանջում է լրացում ներկայացնել, եթե փաստաթղթերը լիարժեք չեն, ազդագիրը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին, ազդագիրը ապակողմնորոշիչ կամ էական սխալ տեղեկատվություն է պարունակում , էական փաստ է բաց թողնված կամ խեղաթյուրված, կամ կենտրոնական բանկի կարծիքով ազդագիրը չի պարունակում ներդրողների պաշտպանության համար բավարար տեղեկություններ: 
Եթե մինչև ազդագրի գրանցումը Կենտրոնական բանկ է ներկայացվում ազդագրի լրացում, ապա ազդագրի գրանցման հայտը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում լրացումը ստանալու օրը: 
Ազդագրի լրացումների վերաբերյալ պահանջները սահմանված են Օրենքի 14-րդ հոդվածով։
 
6. Ի՞նչ է ազդագրի լրացումը և ե՞րբ է անհրաժեշտ ներկայացնել այն
 
Ազդագրի լրացումը ազդագրի բաղկացուցիչ մաս է, որը Կենտրոնական բանկ է ներկայացվում հետևյալ դեպքերում․
Մինչև ազդագրի գրանցումը՝ Կենտրոնական բանկի պահանջով (նախորդ կետում ներկայացված հիմքերով) և/կամ թողարկողի (տեղաբաշխողի) նախաձեռնությամբ՝ ազդագրում ներառված տեղեկատվության էական փոփոխությունների, նոր էական հանգամանքներ առաջանալու ժամանակ: Այս դեպքում ազդագրի լրացումը Կենտրոնական բանկ ներկայացնելու համար պետական տուրքի վճարման անհրաժեշտություն չկա։
Ազդագրի գրանցումից հետո, երբ ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու պահից մինչև արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ժամկետի ավարտն ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխություն կամ էական փաստ է ի հայտ գալիս (պահանջները սահմանված են Օրենքի 14-րդ հոդվածով)։ 
Այս դեպքում Կենտրոնական բանկ ներկայացվող ազդագրի լրացումների հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Պետական տուրքը կազմում է 50 000 դրամ և վճարվում է 900005016119 հաշվեհամարին: Ազդագրի գրանցումից հետո ներկայացվող լրացումների գրանցման կամ գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կայացվում է հայտը ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում: 
 
7. Ե՞րբ է անհրաժեշտ հրապարակել ազդագիրը
 
Ազդագիրը պետք է հրապարակվի թողարկողի (տեղաբաշխողի) կողմից ազդագրի գրանցումից հետո հնարավորինս կարճ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արժեթղթերի հրապարակային տեղաբաշխումը սկսելուց 3 աշխատանքային օր առաջ: Այն հրապարակվում է էլեկտրոնային եղանակով թողարկողի (տեղաբաշխողի, այդ թվում՝ արժեթղթերի դիմաց վճարումը գանձող անձի) ինտերնետային կայքում: