ՀՀ կենտրոնական բանկի նախագահը և ֆինանսական վարչության պետը կմասնակցեն ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը և ֆինանսական վարչության պետը կմասնակցեն ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը ՀՀ պատվիրակության կազմում հոկտեմբերի 2-7-ը մասնակցելու են Ստամբուլում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2009 թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը և Ֆինանսական վարչության պետը կմասնակցեն ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, ԱՄՀ տնօրենի տեղակալ Մուրիլյո Պորտուգալի, Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լե Հուերոյի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի բանկային դեպարտամենտի ղեկավար Վարել Ֆրիմանի, Հոլանդիայի ֆինանսների և զարգացման ու համագործակցության նախարարներ Վոուտեր Բոսի և Բերտ Կոենդերսի հետ:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առանձին հանդիպում է ունենալու HSBC բանկային խմբի ղեկավարության հետ:

ԿԲ ներկայացուցիչները մասնակցելու են «Կենտրոնական բանկերի գործունեությունը ճգնաժամից հետո՝ սահմանային փոփոխություններ կամ նոր մոտեցումներ» քննարկմանը, ինչպես նաև «Նորարարական զարգացում. Հարավ-Հարավ հնարավորությունը», «Ցածր եկամտով անդամ երկրներին աջակցելու ԱՄՀ ջանքերը» թեմաներով սեմինարներին: