Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի վերաբերյալ կնքվեց պայմանագիր

Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի վերաբերյալ կնքվեց պայմանագիր

Այսօր ՀՀ կենտրոնական բանկի և Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվել է պայմանագիր 50 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկային ռեսուրսների ներգրավման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Ծրագրի նպատակն է Հայաստանում մասնավոր փոքր ու միջին ձեռներեցության խրախուսումը և զարգացումը միջին ժամկետայնության վարկային միջոցների հասանելիությունը բարձրացնելու միջոցով: Ծրագրի իրականացումը նպաստավոր պայմաններ է ստեղծելու ինչպես մասնավոր փոքր ու միջի ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման, այնպես էլ ծրագրում ներգրավված բանկերի համար: Վարկային միջոցները տրամադրվում են Վերականգնման և Զարգացման Միջազգային Բանկի կողմից ՀՀ ԿԲ-ին 26.5 տարի մարման և 5 տարի արտոնյալ ժամկետով՝ ՀՀ ֆինանսների նախարարության երաշխավորությամբ:

Վարկային միջոցները տեղաբաշխվելու են Ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միջոցով, որոնց հետ ՀՀ ԿԲ-ն կնքելու է վարկային պայմանագրեր: Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է մրցութային կարգով Համաշխարհային Բանկի կողմից սահմանված չափանիշների հիման վրա:

Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործող ՄՓՄՁ-ների գերակշիռ մասի եկամուտներն ու ծախսերն արտահայտվում են ՀՀ դրամով, ակնկալվում է, որ վարկերի մեծ մասը կտրամադրվի ազգային արժույթով, սակայն Ծրագիրը հնարավորություն է ընձեռում վարկավորումն իրականացնել նաև ԱՄՆ դոլարով, եթե վարկառուները կներկայացնեն այդպիսի պահանջ և կհիմնավորեն իրենց արտարժութային եկամուտների աղբյուրները:

Ծրագրի շրջանակներում վարկային միջոցների կարող են հավակնել ՀՀ տարածքում գրանցված մասնավոր ձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 500 միլիոն ՀՀ դրամը:

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ ԿԲ կողմից 2001թ-ին հիմնադրված «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ» հիմնարկի միջոցով: