ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը սկսեց իր աշխատանքը
ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը սկսեց իր աշխատանքը
Այսօր Ծաղկաձորում իր աշխատանքը սկսեց ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը: Ողջունելով նիստի մասնակիցներին, ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը նախագահող ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավորապես, ասաց.
«Ուրախ եմ ձեզ ողջունել Ծաղկաձոր քաղաքում:
Քանի որ այսօր հոբելյանական նիստ է, տեղին է մտաբերել խորհուրդը ստեղծելու մտահղացումը:
Խորհուրդը իր գործունեությունը սկսել է պարբերաբար իրականացնել 2003 թվականից: Նրա հիմնական խնդիրն է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների կարգավորման դաշտում աշխատանքներ տանող պետական մարմինների ղեկավարների, մասնագետների միջև կապերի զարգացումը, այդ ոլորտում կուտակված փորձի և առաջավոր գաղափարների անարգել փոխանակման համար համապատասխան պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայի մասնակիցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բնագավառում քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակումը, կարգավորում իրականացնելիս համանման սկզբունքների կիրառումը, այդ թվում՝ նորմատիվաիրավական դաշտի ձևավորումը:
Թույլ տվեք հակիրճ բնութագրել Հայաստանի արժեթղթերի շուկայի ներկա վիճակը:
- Ինչպես ձեզ հայտնի է, Հայաստանը իրականացնում է կենսաթոշակային բարեփոխում: Մենք մտադիր ենք 2011 թվականից անցնել կենսաթոշակների երկմակարդակ համակարգի: Այս համատեքստում կուզենայի նշել, որ մենք բավականին լրջորեն ենք վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին և չենք անտեսում նաև դրա մեծ, օժանդակող դերակատարությունը արժեթղթերի շուկայի զարգացման գործում: Այս պահին մշակման փուլում են գտնվում Ներդրումային հիմնադրամների մասին ՀՀ օրենքը և Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը, որոնց շրջանակներում կարգավորման կենթարկվի ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը: Համապատասխան օրենսդրական ձեռնարկների արդյունքում մեր ֆինանսական շուկայում ի հայտ կգան ներդրումային հիմնադրամներ և իրենց գործունեությունը կծավալեն ֆոնդերի կառավարիչները: Հուսով ենք, որ զարգացում կապրի նաև կյանքի ապահովագրության ոլորտը: Հույս հայտնենք, որ բարեփոխման արդյունքում մեր ֆինանսական շուկան նոր մասնակիցների համար կդառնա ավելի գրավիչ: Այս համատեքստում մեզ համար նույնպես բացվում է համաշխարհային մասշտաբով նոր ֆինանսական շուկաներ դուրս գալու հնարավորություն:
- Քաջ հայտնի է, որ ՀՀ կենտրոնական բանկը և ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս-ը դեռևս 2008 թվականի սկզբից համագործակցում են՝ ձեռնարկելով արժեթղթերի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներ.
- Ներկա պահի դրությամբ ժամանակավոր հարկային արտոնություններ են նախաձեռնվել բաժնետոմսերի առաջնային հանրային առաջարկ անցկացնելու և բորսայում ցուցակում անցած թողարկողների արժեթղթերի ցուցակում կազմակերպելու համար: Հանրային բաժնետոմսեր թողարկողների համար շահութահարկի դրույքը իջեցվում է մինչև 50 տոկոս: Ընկերությունները նաև ազատվում են բորսայում ցուցակման դնելու նպատակով ընկերությանը նախապատրաստելու հետ կապված խորհրդատվական, մարքեթինգային և իրավաբանական ծառայությունների ավելացված արժեքի հարկից:
- Հետագայում պետական սեփականության մասնավորեցումը Հայաստանում կիրականացվի ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Հայաստան ֆոնդային բորսայի միջոցով: Ներկայումս այս ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այսպես, մոտակա ամիսներին թվով հինգ պետական ընկերություն բորսայի միջոցով կվերածվի մասնավորի:
Ի մի բերելով ասվածը, կուզենայի ընդգծել, որ առաջիկա տարում ևս մենք մտադիր ենք շարունակել 2007 թվականից մեկնարկած բարեփոխումները, որոնք ուղղված են կապիտալի շուկայի զարգացմանը, և լիահույս ենք, որ մեր գործը հաջողությամբ է պսակվելու: Այս ուղղությամբ ծավալվող գործունեությունը ներառում է շուկայի մասնակիցներին (թողարկողներ, ներդրողներ և մասնագիտացված անձինք) սովորեցնելու գործընթացը, ինստիտուցիոնալ ներդրողների (ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամներ) ձևավորումը, տեղեկությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Համոզված եմ, որ խորհրդի հաջորդ նիստերի ընթացքում ևս մեզ կհաջողվի ընդունել այնպիսի փոխշահավետ որոշումներ, որոնք կնպաստեն մեր երկրներում արժեթղթերի շուկայի հետագա զարգացմանը: Եվ, կարծում եմ, նման նպատակի հասնելը կախված է մեր ընդհանուր ջանքերից:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խորհրդին, որ ինձ պատիվ է արվել այս տարի նախագահել նիստերը: Հուսով եմ, որ մեզ հաջողվել է մեր համեստ ավանդը ներդնել ընդհանուր գործին:
Վերջում, թույլ տվեք ինձ, որպես ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների կարգավորման պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստի նախագահի, շնորհավորել մեզ բոլորին հոբելյանի կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հայտարարել խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը բացված»: