ՎԶԵԲ-ը Հայաստանում մեծ դեր է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման խթանման գործում

ՎԶԵԲ-ը Հայաստանում մեծ դեր է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման խթանման գործում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և խորհրդի անդամներն այսօր հանդիպեցին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, Արթուր Ջավադյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեության առաջին օրից ի վեր մեծ դեր է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացվելով տնտեսության իրական և ֆինանսական հատվածներում:

ԿԲ նախագահը կարևորել է Հայաստանում բանկի ներկայությունը՝ ընդգծելով, որ այն ֆինանսավորում է տնտեսության բազմաթիվ հատվածներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, մունիցիպալ և բնապահպանական ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը և ֆինանսական ոլորտը:

Հայաստանում ՎԶԵԲ-ի գրեթե բոլոր նախագծերը հաջողությամբ են պսակվել: Բանկն արդեն ֆինանսավորել է 100-ից ավել ծրագրեր, որոնց մեծ մասն իրականացվել է իրական հատվածում:

ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, ինչպես նաև վստահեցրել է հետագա համագործակցության առումով ՀՀ կենտրոնական բանկի պատրաստակամության մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՎԶԵԲ պատվիրակության տնօրեն-խոսնակ Կուրտ Բայերը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ ՎԶԵԲ համագործակցության առումով, նշելով, որ Հայաստանի բանկային համակարգը տարածաշրջանում ամենակայուններից մեկն է և առանց էական ցնցումների է անցել ճգնաժամը: