Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության եւ կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանին

Արթուր Ջավադյանն ընդունել է  ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության եւ կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանին

Այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ընդունել է ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության եւ կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանին: Նա Հայաստան է ժամանել Դաշնային Պահուստային Համակարգի և ՀՀ կենտրոնական բանկի կողմից համատեղ կազմակերպվող «Ռիսկերի  վրա հիմնված վերահսկողություն եւ ռիսկերի գնահատում» թեմայով հերթական սեմինարի անցկացման կապակցությամբ: Այն Հայաստանում կազմակերպվող հերթական տարածաշրջանային բնույթի դասընթացն է՝ ԱՊՀ և Արեւելյան Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի մասնագետների մասնկացությամբ:

Ողջունելով հյուրին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Սարգիս Յոգուրջյանը Հայաստանի անկախությունից ի վեր մշտապես աջակցել է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայացմանը եւ միջազգային կառույցներում ինտեգրմանը: ԿԲ նախագահը, մասնավորապես, կարևորել է պարոն Յոգուրջյանի օժանդակությունը ՀՀ կենտրոնական բանկին՝ բանկային վերահսկողական միջազգային չափանիշների ներդրման, ինչպես նաեւ աշխատակիցների կրթման եւ վերապատրաստման գործում: 

Պարոն Յոգուրջյանը բարձր է գնահատել Կենտրոնական բանկի հետ իր երկարամյա եւ արդյունավետ համագործակցությունը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս օժանդակել ԿԲ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելուն, ինչպես նաև հույս հայտնել, որ Հայաստանում անցկացվող տարածաշրջանային սեմինարները կկրեն շարունակական բնույթ եւ կներգրավեն մասնակիցների ավելի լայն շրջանակ:

Հանդիպման վերջում,  Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայացման, ինչպես նաեւ միջազգային կառույցներում ինտեգրման գործում աջակցություն ցուցաբերելու համար, ԿԲ նախագահը Սարգիս Յոգուրջյանին հանձնել է պատվոգիր: