Գործընկեր կազմակերպությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի միջնորդությամբ իրականացվող վարկային ծրագրերը

Գործընկեր կազմակերպությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի միջնորդությամբ իրականացվող վարկային ծրագրերը

Հունիսի 14-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի տնօրեն Գևորգ Թումանյանը հանդիպել են լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակ» հիմնարկի միջոցով իրականացվող վարկային ծրագրերը: Վերջինս ստեղծվել է 2001թ. սեպտեմբերի 14-ին:

Ներկայումս Գերմանահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի ֆինանսական համակարգում իրականացվում են 6 վարկային ծրագրեր, որոնցից 3-ը ֆինանսավորվում են գերմանական KfW բանկի կողմից, մեկը` Համաշխարհային բանկի կողմից և երկուսը ՀՀ Կառավարության կողմից:

Ծրագրերից երեքը ուղղված են փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, որոնց ֆինանսավորումը իրականացվել է KfW բանկի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցների հաշվին: Տվյալ ծրագրերով առևտրային բանկերի կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվել է ընդհանուր առմամբ մոտ 62200 վարկ 180.2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: 

Իրականացվում է նաև  «Վերականգնվող Էներգիայի Աջակցում» վարկային ծրագիրը: Ծրագրի Առաջին փուլի ընթացքում վերաֆինանսավորվել է 14  փոքր ՀԷԿ` 2.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այժմ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը` կնքվել է 18 մլն եվրոյի վարկային պայմանագիր: Վերաֆինանսավորում ստանալու գործընթացում գտնվում են 7 փոքր ՀԷԿ-երի կառուցման և վերազինման նախագծեր:

KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված միջոցների հաշվին հիմնադրամի կողմից իրականացվում է նաև «Բնակարանային Ֆինանսավորման Կայուն Շուկայի Զարգացում» վարկային ծրագիրը: Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ քաղաքացիներին տվյալ ծրագրի ներքո տրամադրվել է մոտ 1500 հիփոթեքային վարկ`  8,9 մլրդ.  դրամ ընդհանուր գումարով: Նախապատրաստվում է ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը` 20 մլն. եվրո վարկային ծրագրի շրջանակներում:

ՀՀ Կառավարության 2009թ-ի հունիսի 26-ի որոշումով մեկնարկել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող վեցերորդ` «ՀՀ տնտեսության կայունացման վարկավորում» ծրագիրը: Ծրագրի համար նախատեսված 60.5 մլրդ ՀՀ դրամը ՀՀ ֆինանսների նախարարության անունից տրամադրվել է գործընկեր բանկերին` ՀՀ կառավարության որոշումով սահմանված ուղղություններով տրված վարկերի վերաֆինանսավորման համար: Տվյալ ծրագրի ներքո վերաֆինանսավորվել է առևտրային բանկերի կողմից տրամադրված մոտ 3724 վարկ 88,4 մլրդ. դրամ ընդհանուր գումարով: 2010թ. ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից հատկացվել է հավելյալ 5 մլրդ դրամ ` ՀՀ տնտեսության ենթակառուցվածքների վարկավորման և զարգացման նպատակով: Եվս 1 մլրդ ՀՀ դրամ 2011թ-ին  նույն ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համակարգիչ Բոլորի Համար» ծրագրի համաֆինանսավորման նպատակով: