Կենտրոնական բանկը և J-PAL Europe-ը կազմակերպում են «Փորձարարական մեթոդներ» աշնանային դպրոցը
Կենտրոնական բանկը, J-PAL Europe-ի հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Փորձարարական մեթոդներ» թեմայով աշնանային դպրոց, որը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 22–25-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։
Ուրախ ենք տեղեկացնել, որ աշնանային դպրոցը կմեկնարկի 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր և զարգացման տնտեսագիտության առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Աբհիջիթ Բաներջիի հիմնական զեկույցով։
Սա եզակի հնարավորություն է վաղ կարիերայի փուլում գտնվող հետազոտողների համար՝ ոլորտի առաջատար մասնագետներից սովորելու ազդեցության գնահատման ժամանակակից մեթոդաբանությունները պատահական վերահսկվող փորձարկումների (RCT) վերաբերյալ խորացված դասախոսությունների, գործնական աշխատարանների և սեփական հետազոտական առաջարկը զարգացնելու միջոցով:
Եթե հետաքրքրված եք, մինչև օգոստոսի 15-ը կարող եք dtrc@cba.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական գաղափարը ներկայացնող կարճ մոտիվացիոն նամակ։