Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն «Տնտեսագիտական միջազգային օլիմպիադա 2026»-ին
Մայիսի 14-ին Կենտրոնական բանկը հյուրընկալել էր ««Տաթևացի» տնտեսագիտական օլիմպիադա 2026»-ի հաղթողներին: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը պարգևատրվեցին օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթող մասնակիցները։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ողջույնի խոսքում շնորհավորեց երիտասարդներին՝ ընդգծելով, որ այս նվաճումը գիտելիքների, վերլուծական մտածողության և մեծ աշխատասիրության արդյունք է:
2026 թվականին «Տաթևացի» տնտեսագիտական օլիմպիադային մասնակցել է Հայաստանի շուրջ 100 դպրոցի ավելի քան 2000 աշակերտ՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարի։ Օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի է ունեցել ապրիլին: 116 մասնակիցներից 14-ը հաղթահարել են գրավոր և բանավոր փուլերը և դարձել հաղթողներ։
Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ մրցույթի շրջանակում ձեռք բերած հմտությունները կդառնան այսօրվա դինամիկ և արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելու որոշիչ հատկանիշներ։ Իսկ գիտելիքներն ու կարողությունները կարևոր դեր կունենան երիտասարդների՝ որպես ապագա մասնագետների, պատասխանատու քաղաքացիների և Հայաստանի ապագան կերտող առաջնորդների ձևավորման գործընթացում։
Մասնակիցների հաղթանակը ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Օլիմպիադայի կազմակերպիչ, Վարքագծային որոշումների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը, ինչպես նաև հաղթած աշակերտների ուսուցիչները։
Միջոցառմանը հայտնի դարձան նաև 3 աշակերտների անունները, որոնք հնարավորություն կունենան օգոստոսին ներկայացնելու Հայաստանը Հունաստանի Օլիմպիա բնակավայրում կայանալիք միջազգային տնտեսագիտական օլիմպիադայում:
Օլիմպիադան կազմակերպվել էր Վարքագծային որոշումների կենտրոնի, Տնտեսական որոշումների դպրոցի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Տնտեսական հիմնարարների նախաձեռնության, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: