Երիտասարդ մասնագետների ծրագիր
Երիտասարդ մասնագետների ծրագիր
2022 թվականին մեկնարկեց «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագիրը, որի նպատակն է Կենտրոնական բանկի թիմում ունենալ երիտասարդ, լայն մտահորիզոն ունեցող, հեռանկարային երիտասարդներ՝ հնարավորություն տալով նրանց աշխատելու տարբեր նախագծերում՝ իրենց թարմ մտքերով և նոր սերնդին բնորոշ հմտություններով ներդրում ունենալով դրանց իրականացման մեջ: Ծրագրի կառուցվածքի և բովանդակության մշակման ժամանակ տեղայնացվեց Նիդեռլանդների բանկի փորձը։ Կարևոր էր նաև ուսումնասիրել և հասկանալ նոր սերնդի հետաքրքրություններն ու գործոնները՝ նրանց ներուժը առավելագույնս բացահայտելու և զարգացնելու համար: Ներգրավված երիտասարդների գործառույթների շրջանակը ձևավորելու ընթացքում հաշվի է առնվել, որ նոր սերունդը ճկուն է, ձգտում է հետաքրքիր, մարտահրավերներով լի աշխատանքի, ինչն էլ ծրագրի հաջողության կարևոր նախադրյալներից է։
«Երիտասարդ մասնագետների ներգրավման» առաջին ծրագրի տևողությունը 18 ամիս էր, որի ընթացքում երիտասարդ մասնագետները ներգրավված են եղել երեք տարբեր ոլորտներում/նախագծերում՝ յուրաքանչյուրում աշխատելով 6 ամիս, կուտակելով նոր ու բազմազան գիտելիքներ, հմտություններ: Այսկերպ նրանք հնարավորություն են ունեցել Բանկը բազմակողմանիորեն ճանաչելու, ամբողջական պատկեր ունենալու, գործընկերների որոշակի շրջանակ ձևավորելու և ծրագրի ավարտին դառնալու որևէ թիմի լիարժեք անդամ: «Երիտասարդ մասնագետների ներգրավման» ծրագրի ստեղծման ու իրականացման մեջ ներգրավված են եղել բարձր օղակի ղեկավարներ ու թիմի այլ անդամներ: Երիտասարդների ներգրավման նպատակով կատարվել են այցելություններ Հայաստանի տարբեր բուհեր, ինչպես նաև ուսանողների այցելություններ Կենտրոնական բանկ և Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:
Հաղթահարելով առաջին նախագծի թեստավորման և հարցազրույցների փուլերը՝ նախագծային աշխատանքների շրջանակներում Կենտրոնական բանկի թիմին միացան 37 երիտասարդ մասնագետներ, ովքեր բուհական դասերին զուգընթաց իրենց աշխատանքն էին կատարում Կենտրոնական բանկում: Ծրագրի դիմորդների ընտրության արդյունքում ձևավորվել է նաև պահուստային շտեմարան, որտեղ ընդգրկվել են բարձր ներուժ ունեցող երիտասարդներ, որոնց թեկնածությունը շարունակաբար դիտարկվում է տարբեր ստորաբաժանումներում աշխատատեղերը համալրելիս:
Արդյունքում ՝ արդեն 2024 թվականին հաջողությամբ ամփոփվեց ծրագիրը, և Կենտրոնական բանկի 6 ստորաբաժանում համալրվեց 21 երիտասարդ մասնագետներով, որոնք հավատարիմ են Կենտրոնական բանկի արժեքներին և ներքին մշակույթի կրողներ են: Զուգահեռ վերանայեցինք և գործարկեցինք ինչպես երիտասարդ, այնպես էլ նոր ընդունված մասնագետների ադապտացման և ինտեգրման գործընթացը՝ ներդնելով մենթորության, շարունակական աջակցության և հաշվետվողականության համակարգեր:
2025 թվականի փետրվարին մեկնարկեց Երիտասարդ մասնագետների ներգրավման երկրորդ ծրագիրը: Այս ծրագիրը կառուցվածքայինորեն տարբերվում է նախորդից՝ ներառելով մեկ տարի աշխատանքային գործընթաց և երկու ռազմավարական նշանակության նախագծերում ներգրավվածություն: