ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ս.թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է թիվ 2253 բանաձևը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ս.թ. դեկտեմբերի 17-ին ընդունել է Իրաքի և Լևանտի Իսլամական Պետության (ԴԱԵՇ) մասին թիվ 2253 բանաձևը, որով Անվտանգության խորհրդի 1267/1989 բանաձևերի հիման վրա ստեղծված պատժամիջոցների կոմիտեն վերանվանվել է «1267/1989/2253 բանաձևերի հիման վրա ստեղծված ԻԼԻՊ-ի (ԴԱԵՇ) և Ալ Քաիդայի նկատմամբ պատժամիջոցների կոմիտե», իսկ «Ալ Քաիդայի հետ կապված անձանց ցանկը»՝ «ԻԼԻՊ-ի (ԴԱԵՇ) և Ալ Քաիդայի հետ կապված անձանց ցանկ»:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2253 բանաձևի համաձայն սահմանվել է ԻԼԻՊ-ի (ԴԱԵՇ) հետ կապված անձանց միջոցների սառեցման պահանջ՝ Ալ Քաիդայի հետ կապված անձանց գույքի սառեցման պահանջի համանմանությամբ:
Համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1 մասի՝ ՀՀ տարածքում գործող հաշվետու անձինք պարտավոր են սառեցնել Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված` ահաբեկչության հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2253 բանաձևի շրջանակներում ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում կատարված թարմացումների մասին համապատասխան հաղորդումը կտեղադրվի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ինտերնետային կայքէջում՝ 1267/1989/2253 բանաձևերի հիման վրա ստեղծված ԻԼԻՊ-ի (ԴԱԵՇ) և Ալ Քաիդայի հետ կապված անձանց ցանկի ներքո: