Կազմակերպվել է «Փողերի լվացման գործերի քննության արդի հարցեր» թեմայով խորհրդաժողով Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իրավապահ, դատական համակարգերի, ՀՀ արդարադատության ակադեմիայի և ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ
2017 թվականի հոկտեմբերի 12-ից 13-ը ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և ՀՀ արդարադատության ակադեմիայի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող ՀՀ կենտրոնական բանկի «Սյունիք» ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Փողերի լվացման գործերի քննության արդի հարցեր» թեմայով խորհրդաժողով՝ Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի, գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության, ֆինանսների նախարարության, դատավորների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ԿԱ ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, ԿԱ ոստիկանության, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, Ինտերպոլի ազգային-կենտրոնական բյուրոյի, արդարադատության ակադեմիայի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ինչպես նաև ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովի բացմանը ելույթով հանդես եկան ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Դանիել Ազատյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի շրջանակում մասնակիցները թեմայի վերաբերյալ կկիսվեն իրենց գիտելիքով և փորձով: Նա նաև շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիային և անձամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանին այս նախաձեռնությունը միասին կյանքի կոչելու համար: Սերգեյ Առաքելյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ այս խորհրդաժողովը Արդարադատության ակադեմիայի և Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության հերթական քայլերից է:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին փողերի լվացման գործերի քննության, այդ թվում՝ ֆինանսական քննության, անդրազգային բաղադրիչներ պարունակող գործերով փոխադարձ իրավական օգնության շրջանակներում տեղեկատվության տրամադրման և ստացման, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործման հետ կապված հարցերը, ներկայացվեցին փողերի լվացման գործերով հայաստանյան դատական ակտերի օրինակներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը, այդ թվում՝ դրա գործունեության սկզբունքներին, գործառույթներին, խնդիրներին և հանձնաժողովի, ֆինանսական դիտարկումների կենտրոնի և իրավապահ մարմինների միջև փորձի փոխանակման և համագործակցության շրջանակներին: Ներկայացվեց նաև «Փողերի լվացման հանցագործությունների քննության առանձնահատկությունները» մեթոդական ուղեցույցը, որը մշակվել է իրավապահ մարմինների կողմից՝ ՀՀ դատախազության համակարգմամբ: Աշխատանքներին ակտիվորեն ներգրավված է եղել նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնը: Ուղեցույցը նախատեսված է փողերի լվացման և դրան նախորդող հանցագործությունների քննություն իրականացնող քննիչների, դատախազների և հետաքննիչների համար: Արդարադատության ակադեմիայի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ուղեցույցում ներկայացված նյութը որպես դասընթաց մշակելու և վերապատրաստում անցնող քննիչների և դատախազների համար նախատեսված ուսուցման ծրագրերում ընդգրկելու հարցը: Խորհրդաժողովի մասնակիցները կարևորեցին ուսուցումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ գիտելիքների և փորձի փոխանակումը նախադրյալ է ոչ միայն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կայուն և զարգացած համակարգ ունենալու համար, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ նախնական քննություն, դրա օրինականության նկատմամբ հսկողություն և դատաքննություն իրականացնելու համար: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը և ՀՀ արդարադատության ակադեմիան պատրաստակամություն հայտնեցին ապագայում ևս կազմակերպել նման հանդիպումներ: