Տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը
Սույն թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության մարմինների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) հոբելյանական՝ 10-րդ նիստը, որին մասնակցել է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տարածաշրջանային ռիսկերի բացահայտման և նվազեցման հիմնահարցը, միջազգային ահաբեկչական կենտրոնների բացահայտման նպատակով ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքները, ՓԼ/ԱՖ նպատակներով էլեկտրոնային վճարային համակարգերի օգտագործման կանխարգելման ուղղությամբ առաջարկությունների մշակման ծրագիրը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման նպատակներով կատարված ուսումնասիրության արդյունքները և մի շարք այլ հարցեր:
Ընդգծելով Խորհրդի գործունեության 5 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ապահովման գործում անդամ ֆինանսական հետախուզության մարմինների, գործընկեր կառույցների և առանձին անհատների կարևոր ներդրումը՝ նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: