Տեղի է ունեցել «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Սույն թվականի հունիս 01-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2002թ.-ի մարտի 21-ի ՆԿ-1075 հրամանագրով ստեղծված «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Միջգերատեսչական հանձնաժողով) հերթական նիստը:
Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի քննարկվել են նաև ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) ռիսկերի ազգային գնահատման խնդիրները, իրականացման մեթոդաբանությունը և ոլորտի միջազգային զարգացումները: Այդ նպատակով նիստին հրավիրվել էր ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման ոլորտում միջազգային փորձագետ, ԱՄՆ գանձապետարանի ֆինանսական հանցագործությունների քննության ավագ մասնագետ Փոլ Դեր Գարաբեդյանը: Մասնակիցների կողմից կարևորվել է ՀՀ-ում ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը, գնահատման արդյունքներով նախատեսված միջոցառումների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս ոլորտի վերաբերյալ միջազգային փորձի և միտումների շարունակական ուսումնասիրությունը: Նիստի ընթացքում միջազգային լավագույն փորձի, մասնավորապես՝ ԱՄՆ օրինակով ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման թեմայով զեկուցմամբ հանդես է եկել նաև Փոլ Դեր Գարաբեդյանը, ով ակտիվորեն ներգրավված է եղել ԱՄՆ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման աշխատանքներում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների ծրագրերի կատարման ընթացքը, ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ գերատեսչությունների միջև համագործակցության հետ կապված հարցեր:
Նախատեսվում է նաև սույն թվականի հունիս 02-ին կազմակերպել սեմինար բանկերի ներկայացուցիչների համար, որի ընթացքում Փոլ Դեր Գարաբեդյանը իր փորձով և գիտելիքներով կկիսվի վերջիններիս հետ՝ ներկայացնելով արդեն ֆինանսական հաստատությունների կողմից ՓԼ/ԱՖ ռիսկերի բացահայտման, գնահատման և զսպման անհրաժեշտությունը և միջազգային լավագույն փորձը:
Այնուհետև, սույն թվականի հունիսի 5-6-ին Միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամների և Փոլ Դեր Գարաբեդյանի մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում առավել մանրամասնությամբ անդրադարձ կկատարվի ինչպես ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման, այնպես էլ ՓԼ գործերի քննության խնդիրներին: