Կազմակերպվել է «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով խորհրդաժողով

2018 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ կենտրոնական բանկի «Ծաղկաձոր» ՏԴԿ-ում տեղի ունեցավ «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով խորհրդաժողով: Մասնակցում էին Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, իրավապահ, դատական համակարգերի, Փաստաբանների պալատի, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակից այլ իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվեցին Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ միջազգային պրակտիկայում վարչական տիպի ֆինանսական հետախուզության մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որպես հետախուզական տվյալ օգտագործելու առանձնահատկությունները, ՀՀ օրենսդրությամբ փողերի լվացման գործերի հարուցման առիթները և հիմքերը, ՖԴԿ վերլուծությունները, դրա իրականացման գործընթացը և այլն: Անդրադարձ կատարվեց ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացմանը: Այդ կապակցությամբ մասնակիցների կողմից կարևորվեց ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման, կալանադրված, առգրավված և բռնագրավված գույքի կառավարման մեխանիզմների ներդրման հարցերը:

Մասնակիցները դրական գնահատեցին նմանատիպ քննարկումների կազմակերպումը՝ նշելով խորհրդաժողովի շրջանակներում բարձրացված հարցերի շուրջ գիտելիքների և փորձի շարունակական փոխանակման անհրաժեշտությունը: