ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ անցկացվել է «Can Nations Agree?» միջազգային համաժողովը
10.06.2026Հունիսի 1-3-ը ՀՀ կենտրոնական բանկը, Reinventing Bretton Woods Committee-ի հետ համատեղ, Դիլիջանում հյուրընկալել է « Can Nations Agree? Macroeconomic Policy in a Non-Cooperative World» միջազգային համաժողովը։
Համաժողովը համախմբել է կենտրոնական բանկերի ղեկավարների և ներկայացուցիչների, քաղաքականություն մշակողների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների՝ քննարկելու համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսական կայունության, միջազգային արժութային համակարգի, սթեյբլքոյնների, թոքենիզացիայի, ինչպես նաև աշխարհաքաղաքական մասնատվածության պայմաններում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Reinventing Bretton Woods Committee-ի տնօրեն Մարկ Ուզանը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Համաժողովին մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային հաշվարկների բանկի (BIS), Համաշխարհային բանկի, Անգլիայի բանկի, տարածաշրջանի կենտրոնական բանկերի, Հայաստանի պետական կառույցների, ինչպես նաև առաջատար համալսարանների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ։
Համաժողովը ծառայել է որպես կարևոր հարթակ՝ գլոբալ անորոշության պայմաններում մակրոտնտեսական քաղաքականության ապագայի շուրջ մտքերի փոխանակման և միջազգային երկխոսության խթանման համար։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: