1948 թ. բնակություն է հաստատել Հայաստանում։ 1949 թ-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Երևանում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով (Լ. Դելիբի «Լակմե»)։
Գոհար Գասպարյանին անվանել են «Հայաստանի սոխակ»․ նրա ձայնն առանձնացել է ընդարձակ դիապազոնով, ճկունությամբ, երանգների հարստությամբ, անցումների թեթևությամբ: Նա ունեցել է 4000-ից ավելի համերգ․ երգել է աշխարհի նշանավոր բեմերում՝ Նյու Յորքի Կառնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում:
Երգչուհու երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ Նա կատարել է 23 օպերաների գլխավոր դերերգեր՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Օլիմպիա, Կարինե (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Լուչիա (Գ. Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»), Վիոլետտա, Ջիլդա (Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), այլ:
1964–2007 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թ-ից՝ պրոֆեսոր):
Գոհար Գասպարյանն արժանացել է մի շարք պետական մրցանակների և պարգևների․ ԽՍՀՄ (1951 թ.) և ՀԽՍՀ (1965 թ.) Պետական մրցանակներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984 թ.), Երևանի պատվավոր քաղաքացի (1984 թ.), Լենինի շքանշան (1984 թ.), «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1984 թ.), «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1994 թ.), այլ։ Գոհար Գասպարյանի անունով անվանակոչվել է փողոց Երևանում:
Դիմերես՝ Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ:
Դարձերես՝ Գոհար Գասպարյանի դիմապատկերը, վարդերի և սոխակի պատկեր:
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: