Պարտադիր պահուստավորման վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին

Առարկան՝ Պարտադիր պահուստավորման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Հայտնում ենք ձեզ, որ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 30.06.2015 թվականի թիվ 152-Ն որոշման, փոփոխվել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման իրականացման կարգը: Նոր կարգը գործողության մեջ է դրվել 08.07.2015 թվականից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր կարգի պայմաններում և՛ արտարժույթով, և՛ դրամով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորումն իրականացվում է միջին օրական հաշվարկով, սակայն արտարժույթով ներգրավված միջոցների դեպքում ավելի կարճ՝ մեկշաբաթյա ժամկետում, ուստի փաստացի պահուստավորված միջոցներն առաջին հերթին վերագրվում են արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորմանը: Այսինքն՝ դրամով ներգրավված միջոցների գծով պահուստավորմանը վերագրվում է միայն պարտադիր պահուստավորման փաստացի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացույցային շաբաթվա ընթացքում փաստացի պահուստավորված միջին օրական մեծության և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պահուստավորման ենթակա գումարի դրական տարբերությունը:

Միևնույն ժամանակ, նշված մեծությունների բացասական տարբերությունը դիտարկվում է որպես արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց փաստացի պահուստավորման նորմատիվ խախտում:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Մհեր Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի վարչության բանկային համակարգի կարգավորման բաժին
Վահե Պետրոսյանին