Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ Կենտրոնական բանկին անհարկի հղումներ տալու վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ Կենտրոնական բանկին անհարկի հղումներ տալու վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին շրջանում հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ սպառողները դիմում եմ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ (այսուհետ՝ ՀՀ կենտրոնական բանկ)՝ խնդրելով թույլատրել առևտրային բանկերին և/կամ վարկային  կազմակերպություններին հաճախորդներին մատուցելու որևէ ֆինանսական ծառայություն կամ փոխելու/վերանայելու պայմանագրով սահմանված որևէ դրույթ (օր.՝ վարկի գումար, տոկոսադրույք և այլն): Վերոնշյալ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ ֆինանսական ծառայությունների մատուցման գործընթացում առևտրային բանկերը և/կամ վարկային կազմակերպությունները հաճախ սպառողին որևէ ծառայություն չմատուցելը, մասնավորապես՝ վարկ չտրամադրելը, կամ պայմանագրով ի վնաս հաճախորդի որևէ պայման ամրագրելը (օր. վարկի տոկոսադրույք, տույժ և այլն) հիմնավորում են այն հանգամանքով, որ ՀՀ կենտրոնական բանկը չի թույլատրում վերջիններիս տրամադրել վարկեր, սահմանում է տույժեր և այլն: Արդյունքում հասարակ ության մոտ առաջանում է կանխակալ վերաբերմունք ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ, և առևտրային բանկի և/կամ վարկային կազմակերպության կողմից վարկառուին վարկի չտրամադրումը, տույժերի կիրառումը և/կամ պայմանագրային այլ դրույթների սահմանումը մեկնաբանվում է որպես ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջների պահպանում:

Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս անդրադարձել է վերոնշյալ խնդրին և ներկայումս ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել խնդրի կարևորությունը` ստեղծված իրավիճակին շուտափույթ լուծում տալու նպատակով:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2013թ. ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 4-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 4) սահմանված հետևյալ դրույթներին.

  1. Ներքին հuկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է աշխատանքային էթիկայի կանոնները:
  2. Համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձը/անձինք առնվազն իրականացնում են բանկում էթիկական կորպորատիվ մշակույթի ձևավորման խրախուսումն ու աջակցումը, որն արժեքավորում է պատասխանատու վարվելակերպը և աշխատակիցների գործունեության համապատասխանությունը օրենքների և այլ իրավական ակտերի, ներառյալ բանկի ներքին իրավական ակտերի պահանջներին: Այն ներառում է բանկի կորպորատիվ արժեքները ներկայացնող վարքագծի կանոնների վերաբերյալ սեմինարների և քննարկումների պարբերաբար կազմակերպումը՝ նպատակ ունենալով խրախուսել բարձր պրոֆեսիոնալիզմը և սահմանել աշխատակիցներից սպասվող վարքագիծը:

Հաշվի առնելով Կանոնակարգ 4-ով սահմանված պահանջները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ֆինանսական կազմակերպությունների նման վարքագիծը չի արտացոլում իրականությունը և սխալ ազդակներ է հաղորդում սպառողներին՝ հորդորում ենք առավել հետևողական մոտեցում ցուցաբերել սպառողների հետ ֆինանսական ծառայություններ մատուցելու գործընթացում բանկի/վարկային կազմակերպության աշխատակիցների վարքագծին՝ ֆինանսական ծառայությունների մատուցման գործընթացում ՀՀ Կենտրոնական բանկին անհարկի հղումները բացառելու, սպառողներին չապակողմնորոշելու, էթիկայի կանոնները պահպանելու և առավել  պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու նպատակով:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Մհեր Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Բանկային համակարգի կարգավորման բաժին
Հռիփսիմե Սահակյան
ին