Գրավադրվող գույքի սեփականության վկայականների բնօրինակները սեփականատերերին տրամադրելու վերաբերյալ

Ուղղված է՝

  • ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին և
  • Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Գրավադրվող գույքի սեփականության վկայականների բնօրինակները սեփականատերերին տրամադրելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) վերջին շրջանում սպառողներից ստանում է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ վարկատու կազմակերպությունները (բանկերը և վարկային կազմակերպությունները) վարկերը տրամադրելուց հետո շարունակում են վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավադրված գույքերի սեփականության վկայականների բնօրինակները պահել իրենց մոտ՝ փոխարենը գրավատուներին տրամադրելով իրենց կնիքով հաստատած սեփականության վկայականի բնօրինակների պատճեները:

Ըստ վարկատու կազմակերպություններից ստացված տեղեկատվության՝ գրավի առարկաների սեփականության վկայականներն իրենց մոտ պահելը նպատակ է հետապնդում ստեղծելու հավելյալ երաշխիքներ վարկատու կազմակերպությունների կողմից ապագայում իրենց գրավի իրավունքն անխոչընդոտ իրացնելու համար:

Վերոգրյալի հետ կապված հայտնում ենք հետևյալը.

ՀՀ գործող օրենսդրությունը տալիս է բազմաթիվ հնարավորություններ, որով Գրավառուն հնարավորություն ունի զսպել իր՝ որպես գրավառուի իրավունքների անխոչընդոտ իրացումը, ուստի գրավի առարկաների սեփականության վկայականների բնօրինակները վարկատու կազմակերպությունում պահելու միջոցով նշված ռիսկերի զսպումն, մեղմ ասած, աննպատակահարմար է:

Ավելին, վարկատու կազմակերպությունները, գրավի առարկաների սեփականության վկայականներն իրենց մոտ պահելով, խոչընդոտում են գրավատուների կողմից իրենց սեփականությունը հանդիսացող գրավի առարկաների հետ կապված ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավաչափ գործարքներ կնքելու գործընթացին, անհարկի խոչընդոտներ ստեղծում այլ մարմիններում իրենց իրավունքների ներկայացման և իրականացման հարցում, իսկ խոչընդոտների վերացումը գրավատուների համար առաջացնում է ժամանակատար, չհիմնավորված և լրացուցիչ գործողությունների կատարման անհրաժեշտություն, իսկ վարկատու կազմակերպությունների համար՝ ծանրաբեռնվածություն և գործառնական տարատեսակ ռիսկեր:

Մյուս կողմից, վարկատու կազմակերպությունները, տրամադրելով իրենց կնիքով հաստատած սեփականության վկայականի բնօրինակի պատճեն, անուղղակի կերպով դրդում են սպառողներին երրորդ անձանց ստիպված հայտնի դարձնել իրենց վերաբերյալ տեղեկություններ, որոնք որոշ դեպքերում կարող է մեկնաբանվել նաև որպես «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև նպատակ ունենալով պաշտպանել ու գրավատուների շահերը՝ Կենտրոնական բանկը հորդորում է հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել Ձեր ներքին իրավական ակտերը՝ զերծ մնալով գրավի առարկայի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակը պահելու գործելաոճից, այդ թվում նաև հետ վերադարձնել գործող հաճախորդների սեփականության վկայականները:

Շնորհակալության համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Կատարող՝ Սոնա Ինգլիզյան