Վարկերի վերաֆինանսավորման հետևանքով հաճախորդների վարկային պատմության վատթարացման վերաբերյալ

Ուղղված է՝

ՀՀ տարածքում գործող բոլոր

  • Բանկերին
  • Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Վարկերի վերաֆինանսավորման հետևանքով հաճախորդների վարկային պատմության վատթարացման վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Վերջերս տարածում են ստանում վարկատու կազմակերպությունների կողմից հաճախորդների գործող վարկերի վերաֆինանսավորման ծառայություններ, որոնց շրջանակներում վարկատու կազմակերպությունները հաճախորդների գործող վարկերի մնացորդի վերաբերյալ տեղեկատվությունը որպես կանոն ստանում են ԱՔՌԱ վարկային բյուրոյից:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ գործընթացի ոչ պատշաճ իրականացման հետևանքով բազմաթիվ հաճախորդներ ունենում են ժամկետանց պարտավորություններ:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերաֆինանսավորման հետևանքով հաճախորդների պարտավորությունները ամբողջությամբ չեն մարվում, քանի որ վերաֆինանսավորող կազմակերպությունները փոխանցում են միայն վարկերի մնացորդների չափով գումար, որի մի մասը մի շարք դեպքերում ուղղվում է մինչ այդ պահը կուտակված տոկոսագումարների և սպասարկման վճարների մարմանը: Արդյունքում՝ չմարված վարկերը ժամկետանցվում են, ինչը իր հերթին բացասաբար է ազդում հաճախորդների վարկային պատմության վրա:

Նման դեպքերի մեծ քանակը վկայում է այն մասին, որ վարկատու  կազմակերպությունները հաճախորդներին պատշաճ կերպով չեն տեղեկացնում, որ իրենց կողմից ֆինանսավորվում է միայն վարկի մնացորդը, իսկ մինչ այդ կուտակված տոկոսագումարները և այլ վճարները հաճախորդները պարտավոր են կատարել ինքնուրույն:

Ուստի, ելնելով սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ձեզ անհրաժեշտ է վերանայել հաճախորդների գործող վարկերի վերաֆինանսավորման գործընթացները, այդ թվում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.

  1. Ապահովել, որպեսզի վերաֆինանսավորման ծառայություններից օգտվելու համար ներկայացվող դիմումների, պայմանագրերի օրինակելի ձևերում առկա լինի առանձնացված և աչքի ընկնող նշում վերաֆինանսավորվող պարտավորությունների մասով վճարման ենթակա բոլոր գումարների վերաբերյալ (այդ թվում՝ նշում սպառողների կողմից տոկոսագումարների, սպասարկման վճարների և այլ վճարների կատարման անհրաժեշտության վերաբերյալ):
    Ապոհովել, որպեսզի վերոնշյալ տեղեկատվությունը սպառողներին պատշաճ կերպով բացահայտվի նաև բանավոր կարգով:
  2. 2. Օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակել մատուցվող վերաֆինանսավորման ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
  3. Նշված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Կենտրոնական բանկ:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ վերաֆինանսավորման հետևանքով սպառողների ժամկետանց պարտավորությունները առաջանում են նաև այն պատճառով,  որ վերջիններս օրենսդրությամբ սահմանված կարգով մեկ օր առաջ չեն տեղեկացվում վճարման անհրաժեշտության վերաբերյալ:

Հիշեցնում ենք, որ «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-Ը հաստատելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 229-Ն որոշման 35-րդ կետի համաձայն՝ սպառողի պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է սպառողին հայտնել մարման ենթակա պարտավորության առկայության մասին, ինչպես նաև այդ պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով վարկային բյուրոյին և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին տրամադրելու մասին:

Ուստի, հորդորում ենք ձեզ խստիվ պահպանել օրենսդրական վերոնշյալ դրույթի կիրարկումը:

Տեղեկացնում ենք նաև, որ Կենտրոնական բանկը ուշադրության կենտրոնում է պահելու այս հարցը և սպառողների իրավունքների խախտումներ արձանագրելու դեպքում կիրառելու է խիստ վերահսկողական միջոցառումներ:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Գրիգոր Աբաջյանին