Քաղաքացիների կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ սոցիալական քարտ ներկայացնելու պահանջը կիրառելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին
Հարգելի՛ պարոնայք,
Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանում 2006թ. հոկտեմբերի 4-ին քննվել է «Քաղ. Մ. Քոչարյանի և քաղ. Հ. Դավթյանի դիմումների հիման վրա՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության ընթացքում ՀՀ սահմանադրական դատարանը պարզել է.
Տարբեր քաղաքացիներ սոցիալական ապահովության քարտ չստանալու համար ազատվել են աշխատանքից, նրանց չեն վճարվել նպաստ, աշխատավարձ, միանվագ դրամական օգնություն, զրկվել են ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում իրենց ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից, արգելափակվել է նրանց կողմից բանկային գործարքների կատարումը:
ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավորել է, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների դրույթներին և սահմանափակում է քաղաքացու մի շարք իրավունքներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է
«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները՝ ՀՀ Սահմանադրության 31, 32 (2-րդ մաս) և 37 հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով ճանաչել Սահմանադրության 36 (1-ին, 2-րդ մասեր), 42, 43 և 48 (կետ 12) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշումը վերլուծելու ընթացքում, ՀՀ Կենտրոնական բանկում կարծիք է ձևավորվել, որ դրանից հստակ չի բխում, որ քաղաքացիների կողմից բանկային հաշիվ բացելիս սոցիալական քարտ ներկայացնելու պահանջը վերացել է: ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրվել է, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները անվավեր են և սահմանադրությանը հակասող ՀՀ Սահմանադրության 31, 32 (2-րդ մաս) և 37 հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով, այսինքն ՀՀ Սահմանադրության այն դրույթների առումով, որոնք միայն երաշխավորում են քաղաքացիների աշխատանքի ընդունվելու, աշխատավարձ ստանալու և կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Խնդրի կարգավորման նպատակով պարզաբանում ստանալու համար, ՀՀ կենտրոնական բանկը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին): ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 03.11.2006թ. N 1/9-2835 պատասխան գրությամբ նշվել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի անդրադարձել բանկային հաշիվ բացելիս սոցիալական քարտերի կիրառմանը՝ ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված այդ պահանջը չի վերացել:
Հիմք ընդունելով նշվածը, առաջարկում ենք շարունակել կատարել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Հարգանքներով՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ՝ Վարուժան Ավետիքյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական համակարգի վերահսկողության
իրավական սպասարկման 2-րդ բաժնի պետ Վազգեն Մնացականյանին