ՀՀ ԿԲ-Ի խորհրդի կողմից 2006թ հունիսի 30-ի թիվ 303 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգի» վերաբերյալ

Ուղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին

Բանկերի տնային կայքերում իրենց վերաբերյալ տեղեկատվության հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ

(շրջաբերականի բովանդակությունը)

Հաշվի առնելով բանկերի կողմից բարձրացված հարցադրումները՝ ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից 2006 թվականի հունիսի 30-ին թիվ 303 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգի» վերաբերյալ, հայտնում ենք հետևյալը.

  1. Կարգի 6-րդ կետով նշված բոլոր դրույթների վերաբերյալ տեղեկությունները պարտադիր են: Օրինակ՝ եթե բանկում բացակայում են խորհրդին կից մշտական գործող հանձնաժողովներ, ապա բանկը պետք է իր տնային էջում (ինտերնետային կայքում) արձանագրի հանձնաժողովների բացակայության փաստը:
    Եթե բանկը չունի իր հետ կապված անձանց միջև գործարքները կարգավորող հատուկ ընթացակարգեր և առաջնորդվում է բանկի մնացած հաճախորդների համար առկա պահանջներով/պայմաններով, ապա այդ փաստը պետք է նշվի:
    Նույն տրամաբանությունը տարածվում է նաև կարգի այլ «առնվազն» կամ «նվազագույն» տեղեկությունների վրա:
  2. Բանկի գործադիր մարմնի աշխատանքի գնահատման սկզբունքները բաժնում պետք է արտացոլվեն բանկի համապատասխան ներքին իրավական ակտերի դրույթները կամ տրվի հղում (լինք) տվյալ փաստաթղթերին:
  3. Կարգի գլուխ 4 «Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման նվազագույն պայմանները» կոչված են ապահովել բանկային ծառայություններից օգտվող սպառողների իրազեկությունը և պաշտպանել վերջիններիս շահերը: Ակնկալվում է, որ բանկերի կողմից մատուցվող ծառայությունների արժեքը և պայմանները ուսումնասիրելով, հաճախորդները կկարողանան իրականացնել իրենց համար առավել բարենպաստ ընտրություն:
    Այս պարագայում բանկի կողմից իր տնային էջում սակագների փոխարեն նշել «կրում է պայմանագրային բնույթ» արտահայտությունը հավասարազոր է տեղեկության չտրամադրմանը: Եթե բանկը չունի հստակ սահմանված սակագներ, ապա նա պետք է նշի սակագների ձևավորման տրամաբանությունը/կարգը, որով բանկը առաջնորդվելու է կոնկրետ տիպի հաճախորդին ծառայություններ մատուցելիս:
  4. Կարգի 5-րդ կետի «գ» ենթակետի պահանջները բավարարելու համար բանկերը պետք է առաջնորդվեն ՀՀՀՀՍ-երով (մասնավորապես՝ ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում» կետ 18): Բանկը կարող է ներկայացնել այն բացահայտումները, որոնք արված են բանկի վերջին ֆինանսական հաշվետվություններում և հաստատված են բանկի արտաքին աուդիտորական կազմակերպության կողմից:
  5. Բանկի տնային էջում պետք է ներկայացվի իր շահութաբաժնային քաղաքականությունը: Նշենք, որ ս.թ. օգորստոսի 29- ՀՀ ԿԲ Խորհրդի թիվ 499Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները հաստատելու մասին» թիվ 250Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումներ համաձայն ՀՀ բանկերը պետք է ունենան խորհրդի կողմից հաստատված բանկի շահութաբաժնային քաղաքականությունը (մինչդեռ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը անդրադառնում է քաղաքականության հրապարակման հարցին):
  6. Չնայած Կարգի 11-րդ կետի «ա» ենթակետով բանկերից պահանջվում է ներկայացնել բանկի ղեկավարների ոչ ամբողջական ցանկը (բանկի խորհրդի և որոշ գործադիր ղեկավարների), սակայն Կարգի «ե» ենթակետը պահանջում է բացահայտել բանկի նկատմամբ տվյալ պահի դրությամբ բանկի բոլոր ղեկավարների ընդհանուր պարտավորությունները:
  7. Բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների ցանկը ներկայացնելիս՝ բանկը Կարգի 11-րդ կետի «ա» ենթակետով նշված ղեկավարներից բացի կարող է իր հայեցողությամբ ներառել նաև բանկի այլ ղեկավարների (այդ թվում՝ դեռևս ՀՀ ԿԲ կողմից չգրանցված) վերաբերյալ տեղեկությունները:
  8. Բանկի բոլոր ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից բանկից ստացված վարկերի և այլ փոխառությունների (այդ թվում՝ նաև մարված) չափը ներկայացնելիս (փոխարժեքի փոփոխման դեպքում արտարժութային վարկերն ու փոխառությունները արտացոլելու խնդիրներից խուսափելու նպատակով) բանկերին առաջարկվում է վարկերը և փոխառությունները ներկայացնել ըստ արժույթներիª մեկ թվով (օրինակ՝ դոլլարով տրամադրված վարկեր և փոխառություններ՝ 100.000, եվրոյով տրամադրված վարկեր և փոխառություններ՝ 200.000 և այլն):

Կցանկանայինք հիշեցնել, որ ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից 2006 թվականի հունիսի 30-ին թիվ 303 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը» սահմանում է տեղեկությունների հրապարակման նվազագույն պահանջները: Բանկերի կողմից պահանջվածից ավել տեղեկություն տրամադրելը հնարավորություն կտա բանկի ներկա և պոտենցիալ հաճախորդներին ավելի լավ ճանաչել բանկին և կօգնի բանկերին ընդլայնել իրենց հաճախորդների բազան:

Տիգրան Սարգսյան
անուն, ազգանուն

ստորագրություն

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ
իրավասու անձի պաշտոնը

Ֆիանանսական վերահսկողության վարչություն
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար, նախաձեռնող (անհրաժեշտության դեպքում նաև շահագրգիռ) ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանվան մասին նշում, պարզաբանում տալու  համար

Անիտա Բարսեղյան
իրավասություն ունեցող անձի (անձանց) ա.ա.,