Անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն) ձեռք բերման նպատակով, տրամադրվելիք վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերում, վարկի տրամադրման նպատակը նշելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության  տարածքում
գործող բանկերին

Անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն) ձեռք բերման նպատակով, տրամադրվելիք վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերում, վարկի տրամադրման նպատակը նշելու վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին է դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (հետագա շարադրանքում՝ Կոմիտե) հետևյալ խնդրանքով.

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան ուսումնասիրելու նպատակով Կոմիտեն մտադիր է իրականացնել հիփոթեքի պայմանագրերի քանակական վերլուծություններ: Կոմիտեն մասնավորապես ցանկանում է ուսումնասիրել անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կնքված հիփոթեքի պայմանագրերի մասնաբաժինը հիփոթեքի պայմանագրերի ընդհանուր զանգվածի մեջ: Սակայն, ըստ Կոմիտեի գրավի պայմանագրերում հաճախ չի նշվում վարկի տրամադրման նպատակը, որի հետևանքով հնարավոր չի լինում հստակ վերլուծություն կատարել: Կոմիտեն գտնում է, որ գրավի պայմանագրերում վարկի տրամադրման նպատակի մասին նշում կատարելը մեծապես կնպաստի նշված վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը:

Կարծում ենք, որ գրավի պայմանագրերում վարկի տրամադրման նպատակը նշելը բանկերի և վարկային կազմակերպությունների համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջացնի:

Ելնելով վերոգրյալից և վերլուծություններ կատարելուն օժանդակելու նպատակով, խնդրում ենք այսուհետ անշարժ գույքի (բնակարան, բնակելի տուն) ձեռք բերման նպատակով տրամադրվելիք վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերում հստակ նշել վարկի տրամադրման նպատակը:

Հարգանքներով՝ Տիգրան Սարգսյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության
իրավական սպասարկման երկրորդ բաժնի պետ Վազգեն Մնացականյանին