«Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի որոշ դրույթների պարզաբանման վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Հայաստանի Հանրապետության Կենտրանական բանկի խորհրդի 09.02.2007թ.-ի թիվ 39Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկերի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ի «Վարկային ռիսկի հաշվարկ» Հավելված 3-ի 6.24 կետի համաձայն 75 տոկոս ռիսկի կշռով են կշռվում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները (բացառությամբ՝ բոլոր հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
ա)փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
բ)փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.2%-ը:
Հայտնում ենք Ձեզ, որ նշված կետի իմաստով.
- հիփոթեքային վարկ են համարվում այն վարկերը, որոնք ապահովված են հիփոթեքով: Հիփոթեքի սահմանումը տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
- թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկեր են համարվում այն վարկերը, որոնց մայր գումարի հիմնական մասը (50 տոկոսից ավելին) ապահովված է թանկարժեք մետաղների և քարերի գրավով:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Նոնա Ավետիսյանին