«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ

Հայտնում ենք Ձեզ հետևյալը.

  1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետը նշանակում է հետևյալը. եթե անձը կամ փոխկապակցված անձինք Ընկերության կանոնադրական կապիտալում ձեռք են բերում մասնակցություն, որը գերազանցում է կանոնադրական կապիտալի 20 տոկոսը (օրինակ` 22 տոկոս), ապա անձը կամ փոխկապակցված անձինք պետք է ստանան ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնությունը: Եթե նույն անձի կամ փոխկապակցված անձանց մասնակցությունն ընկերության կանոնադրական կապիտալում աճում է, սակայն չի գերազանցում 50 տոկոսը (օրինակ`22 տոկոսից հասնում է 32 տոկոսի), ապա նշված անձից կամ անձանցից չի պահանջվում ստանալ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Վերջինս կպահանջվի, եթե այդ մասնակցությունը գերազանցի 50 տոկոսը:
  2. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի «Ապահովագրական ընկերության կառավարման մարմինները, ղեկավարները, ներքին աուդիտը և պատասխանատու ակտուարը» 5-րդ գլխով սահմանվող պահանջները տարածվում են ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների վրա դրանց` օրենքով սահմանված կարգով վերագրանցվելու և վերալիցենզավորվելու պահից սկսած:
  3. Նշենք նաև, որ մինչև օրենքով սահմանված կարգով Ապահովագրական ընկերությունների վերագրանցումը, ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունները պետք է գրանցվեն Պետական ռեգիստրում`«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
  4. ՀՀ տարածքում գործող այն ապահովագրական ընկերությունները, որոնք «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետը բավարարելու նպատակով պետք է հրավիրեն ընդհանուր ժողով, սակայն նրանց տարեկան ընդհանուր ժողովի հրավիրման ժամկետները ավելի ուշ են, քան նրանց վերագրանցման ժամկետն է, կարող են օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով հրավիրել արտահերթ ընդհանուր ժողով և ընտրել խորհրդի անդամներ:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գայանե Գասպարյան