Բանկերի կողմից շրջիկ վարկավորման իրականացման վերաբերյալ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 10.07.2007թ. թիվ 217Ն որոշման համաձայն «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ են մտել ս.թ. սեպտեմբերի 13-ից:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն դրույթի վրա, որ այսուհետև ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և/կամ վարկերի հավաքագրման գործընթացներ: Վարկերի տրամադրումը և/կամ վարկերի հավաքագրումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում, որտեղ կանխիկ դրամի տեղափոխումը պետք է իրականացվի միայն զինված ոստիկանության ծառայության ուղեկցությամբ կամ ինկասացիոն ծառայության միջոցով: Ընդ որում, բանկի աշխատակիցներից, զինված ոստիկանից կամ ինկասատորից կազմված մեկ խմբի մոտ առկա գումարը օրվա ընթացքում չպետք է գերազանցի 5 միլիոն ՀՀ դրամը:
Հայտնում ենք նաև, որ բանկը պարտավոր է գրավոր տեղեկացնել ՀՀ Կենտրոնական բանկին գյուղական վայրում վարկավորման գործունեությունը սկսելու կամ դադարեցնելու որոշման մասին՝ համապատասխան որոշումը ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող գրավոր ծանուցմանը պետք է կցել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն ծառայության հետ կնքված համապատասխան պայմանագրերի պատճենները:
Հարգանքով`
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մարիամ Եղիազարյանին