ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ առևտրային բանկերի միջև ռեպո գործարքների իրականացման վերաբերյալ
Հայտնում ենք Ձեզ, որ Ռեպո աճուրդների ավտոմատ իրականացման համակարգը պատրաստ է ներդրման և բանկերի կողմից կնքվել են համապատասխան պայմանագրերը: Սակայն, ՀՀ Կենտրոնական բանկը առևտրային բանկերի կողմից ներկայացված պահանջով պատրաստվում է ներդնել ՀՀ կենտրոնական բանկի կողմից կնքած ռեպո գործարքների զտացման (netting) համակարգը: Վերջինիս ներդրումը հնարավորություն կտա ապահովել գործարքների միաժամանակյա կատարում՝ նախորդ գործարքի մարում և նոր գործարքի կնքում միաժամանակ՝ այն դեպքերում երբ մարման և կնքման օրերը նույնն են: Ինչպես նաև հնարավորություն կլինի գործարքի կատարման պահին իրականացնել փոխադարձ պարտավորությունների զտացում, որը թույլ կտա բանկերին նոր գործարք կնքելուց օգտագործել նախորդ գործարքից մարվող պարտատոմսերը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կարևորելով ՀՀ Կենտրոնական բանկի հիմնական վերաֆինանսավորման գործիքի առանց խոչընդոտ օգտագործման հնարավորությունը նախատեսում ենք Ռեպո աճուրդների ավտոմատ իրականացման համակարգը ներդնել ռեպո գործարքների զտացման համակարգը ներդնելուց հետո: Վերջինիս մշակումը նախատեսվում է ավարտել մինչև սույն թվականի նոյեմբերի վերջ:
Ավելացնենք նաև, որ Ռեպո աճուրդների ավտոմատ իրականացման համակարգի ներդրման վերաբերյալ Ձեզ նախապես կտեղեկացնենք:
Ֆինանսական վարչության պետ՝ Արթուր Նախշիկյան
Գործառնական վարչության պետ՝ Խաչիկ Խաչատրյան