«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր ապահովագրական ընկերությունների
ն

Ձեզ ենք ներկայացնում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենքի) որոշ դրույթների հետ կապված հստակեցումներ.

  1. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «ա» ենթակետով սահմանված «ամրագրված դրամական հատուցմամբ» ենթադասը ենթադրում է, որ տվյալ ենթադասի ապահովագրության դեպքում ապահովագրական պատահարը տեղի ունենալու դեպքում ապահովագրական հատուցումը կատարվում է պայմանագրում նշված ֆիքսված գումարի չափով:
    Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «բ» ենթակետով սահմանված «հատուցմամբ՝ կախված պատահարի բնույթից» ենթադասը ենթադրում է, որ ապահովագրական հատուցումը իրականացվում է վնասի բնույթից ու չափից ելնելով՝ պայմանագրում նշված ապահովագրական գումարի սահմաններում:
  2. Համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետի՝ աջակցության ապահովագրությունը՝ ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց աջակցության տրամադրումն է: Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում քաղաքացիների բժշկական ապահովագրության պայմանագրերը խմբավորվում են աջակցության ապահովագրության դասի մեջ:
  3. Ապահովագրության վկայագրերում դասերի և ենթադասերի անվանման պահպանման վերաբերյալ հայտնում ենք, որ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի՝ ապահովագրության վկայագիրը պետք է ներառի ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը: Ելնելով վերը նշված դրույթից ապահովագրության վկայագրում դասի (ենթադասի) անվանումը պետք է համապատասխանի Օրենքով սահմնաված դասերի և ենթադասերի անվանումներին, որից բացի վկայագրում կարող է լինել նաև կոնկրետ դասը (ենթադասը) մասնավորեցնող անվանում (օրինակ, դասը՝ «Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն», ենթադասը՝ «Ծովային փոխադրամիջոցների ապահովագրություն», մասնավորեցնող անվանումը՝ «Նավերի ապահովագրություն»):

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե
Հովհաննիսյան