ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին կանոնակարգ 32-ի վերաբերյալ
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 716 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները» Կանոնակարգ 32-ի որոշ կետերի հստակեցումներ.
1.Կանոնակարգ 32-ի թիվ 2 հաշվետվության աղյուսակ 1-ի 5-րդ սյունակում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված պայմանագրերով ապահովագրված ապահովագրության օբյեկտների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ նախորդ և հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանում ավելացած օբյեկտների քանակը կարտացոլվի վերոնշյալ հաշվետվության 12-րդ սյունակում՝ ապահովագրության օբյեկտների քանակը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
2.Կանոնակարգ 32-ի թիվ 3 հաշվետվության աղյուսակ 9-ի 3-րդ սյունակում լրացվում է տվյալ ապահովագրության օբյեկտի գծով կնքված ապահովագրության պայմանագրերի քանակը: 4-րդ սյունակում լրացվում է այդ օբյեկտի գծով կնքված բոլոր ապահովագրության պայմանագրերով ստանձնած ռիսկի ամբողջ գումարը, իսկ հաջորդ տողերում լրացվում են առանձին պայմանագրերով ստանձնած ռիսկի գումարները՝ համաձայն Կանոնակարգ 32-ի 51-րդ կետում բերված օրինակի:
3.Կանոնակարգ 32-ի թիվ 3 հաշվետվության աղյուսակ 9-ում պետք է արտացոլվի հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
4.Կանոնակարգ 32-ի թիվ 4 հաշվետվության աղյուսակ 1-ի և 2-ի 2-րդ, 3-րդ սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված ապահովագրության պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների և վերաապահովագրական գումարների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ մյուս բոլոր սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված և վճարման ենթակա ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկատվությունն՝ անկախ պայմանագրի կնքման ժամանակահատվածից:
5.Կանոնակարգ 32-ի թիվ 10 հաշվետվության 1-ին աղյուսակի 9-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրողին հաշվեգրված ապահովագրավճարների տեսակարար կշիռը բոլոր վերաապահովագրողներին հաշվեգրված ապահովագրավճարների մեջ՝ տոկոսային արտահայտությամբ:
6.Կանոնակարգ 32-ի թիվ 10 հաշվետվության աղյուսակ 2-ում լրացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջ կնքված ապահովագրության պայմանագրերի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վերաապահովագրության փոխանցված ռիսկերի հետ կապված ցուցանիշները:
7.Կանոնակարգ 32-ի թիվ 12 հաշվետվության 8-րդ և 9-րդ սյունակներում լրացվում է տեղեկատվություն ինչպես բավարարված, այնպես էլ մերժված հայտերի գծով: Հայտը համարվում է կարգավորված ապահովագրական ընկերության կողմից հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշման ընդունման օրվանից:
8.Կանոնակարգ 32-ի թիվ 15 հաշվետվության 1-ին աղյուսակի 2-րդ՝ «Չվաստակված ապահովագրավճարի պահուստի համախառն մեծություն» սյունակում լրացվում է չվաստակած ապահովագրավճարի պահուստի մեծությունը համաձայն Կանոնակարգ 31-ի՝ առանց հուսալի վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարի չափի նվազեցման: 3-րդ սյունակում արտացոլվում են ապահովագրության տվյալ տեսակի ապահովագրության պայմանագրերի գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարները: 4-րդ սյունակում լրացվում է չվաստակած ապահովագրավճարի պահուստի մեծությունը՝ համաձայն Կանոնակարգ 31-ի:
9.Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունը ՆՉՊՊ-ի հաշվարկը կատարում է բացառապես «դեպք առ դեպք» մեթոդով, ապա Կանոնակարգ 32-ի թիվ 15 հաշվետվության 2-րդ աղյուսակի 5-30 սյունակները չեն լրացվում:
10.Համաձայն կանոնակարգ 31-ի 37-րդ կետի՝ բոնուսների և զեղչերի պահուստը կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով: Եթե ապահովագրողը հուսալի վերաապահովագրողի մասնաբաժինը նվազեցնում է բոնուսների և զեղչերի պահուստից, ապա Կանոնակարգ 32-ի թիվ 15 հաշվետվության աղյուսակ 3-ի 5-րդ սյունակում՝ «Հուսալի վերաապահովագրողի բաժինը բոնուսների և զեղչերի պահուստում» սյունակում արտացոլվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Եթե վերաապահովագրության պայմանագրով այլ պայմաններ նախատեսված չեն, ապա հուսալի վերաապահովագրողի բաժինը բոնուսների և զեղչերի պահուստում հաշվարկվում է այն նույն համամասնությամբ, որով տվյալ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական ռիսկը վերաապահովագրվել է: Օրինակ, եթե վերաապահովագրվել է ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական ռիսկի 10 տոկոսը, ապա վերաապահովագրողի բաժինը բոնուսների և զեղչերի պահուստում կլինի 10 տոկոսի չափով:
11.Այն դեպքում, երբ մինչև Կանոնակարգ 32-ի ուժի մեջ մտնելը կնքված ապահովագրության պայմանագրերի հիման վրա հնարավոր չէ իրականացնել ապահովագրության դասերի խմբավորումը, ապա այն կարելի է իրականացնել ելնելով ապահովագրական ընկերության տեսանկյունից ապահովագրության պայմանագրի հիմնական ապահովագրական ռիսկի դասակարգումից:
12.Կանոնակարգ 30-ի 11-րդ կետի «զ» ենթակետով սահմանված հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրի՝ «ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը, այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը՝ հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով» մեծության հաշվարկի համար հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը հաշվարկվում է որպես վճարված կանոնադրական կապիտալի, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարի, գլխավոր պահուստի և չբաշխված շահույթի (եկամուտների պահուստի) հանրագումար:
13.Կանոնակարգ 32-ը ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 1-ից և Կանոնակարգ 31-ի 7-րդ կետի համաձայն հավասարակշռման պահուստի և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հաշվարկը կատարվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ին՝ հաջորդող տարվա համար, հետևաբար վերոնշյալ պահուստների հաշվարկը պետք է կատարվի 2007 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 2008 թվականի համար: Այդ իսկ պատճառով, հաշվարկների մեջ անհրաժեշտ է կիրառել մինչև Կանոնակարգ 31-ի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն ՏՉՊՊ-ի 2007 թվականի համար կատարված հաշվարկները:
14.Համաձայն Կանոնակարգ 30-ի՝ Ն2 նորմատիվի հաշվարկի համար վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ապահովագրական հատուցման (ապահովագրական գումարների վճարման) հետ չառնչվող բոլոր պարտավորությունները (Կանոնակարգ 30-ի 26 կետի «ա» ենթակետ), որոնցում ընդգրկվում են նաև վերաապահովագրության գծով ձևավորված կրեդիտորական պարտավորությունները:
15.Կանոնակարգ 32-ի թիվ 3 հաշվետության աղյուսակ 3-ի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
1-ին սյունակում լրացվում է հիմնական կապիտալի հետևյալ տարրերի հանրագումարը՝ վճարված կանոնադրական կապիտալ, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճար, գլխավոր պահուստ, չբաշխված շահույթ (եկամուտների պահուստ),
2-րդ սյունակում լրացվում են ապահովագրական ընկերության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների (անշարժ գույքի) վերագնահատման պահուստի (Կանոնակարգ 30-ի իմաստով ապահովագրական ընկերության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ ապահովագրական ընկերությունը և նրա տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնությունները) և հաշվապահական հաշվառման հաշվային պլանի «Կապիտալ» կարգում հաշվառվող այլ պահուստների մեծությունները,
3-րդ սյունակում լրացվում է 1-ին և 2-րդ սյունակների հանրագումարը,
4-րդ սյունակում լրացվում է հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի հանրագումարը՝ Կանոնակարգ 30-ի 11-ի ենթակետերի,
5-րդ սյունակում լրացվում է ապահովագրական ընկերության գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստների մեծությունը (Կանոնակարգ 30-ի 12-րդ կետի «բ» ենթակետ),
6-րդ սյունակում լրացվում է հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության (որը լրացվում է սյունակ 1-ում) և Կանոնակարգ 30-ի 11-րդ կետում նշված հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունը,
7-րդ սյունակում լրացվում է 2-րդ և 5-րդ սյունակների տարբերությունը,
8-րդ սյունակում լրացվում է 7-րդ սյունակի մեծությունը՝ ոչ ավել, քան հիմնական կապիտալի (6-րդ սյունակի մեծության) 50 %-ը,
9-րդ սյունակում լրացվում է 6-րդ և 8-րդ սյունակների հանրագումարը:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Արմինե Հովհաննիսյան