Բանկերի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու, ավանդներ ընդունելու և վարկ տրամադրելու դեպքերում հաճախորդների կողմից գումարի ստացումն (ներդրումն) արտարժույթով նախընտրելու դեպքերի վերաբերյալ

Հարգելի՛ պարոնայք,

Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ օրենսդրությամբ բանկը չի կարող պարտադրել հաճախորդին վճարումը կատարել կամ ընդունել Հայաստանի Հանրապետության դրամով, եթե փոխանցումը կատարվում է արտարժույթով: Ինչպես նաև արտարժույթով ավանդ ներդնելու և վարկ ստանալու դեպքերում բանկը չի կարող ստիպել հաճախորդին դրանք ստանալու (ներդնելու) Հայաստանի Հանրապետության դրամով:

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկվում են համալիր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել վստահությունը հայկական դրամի նկատմամբ, որի հետևանքով հայկական դրամը կդառնա կանխիկ վճարումների իրականացման հիմնական միջոցը, առաջարկում ենք դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելիս կիրառել նաև հետևյալ մեխանիզմը.

Այն դեպքում, երբ հաճախորդը նախընտրում է իրեն փոխանցված գումարը և իրեն տրամադրվող վարկը ստանալ, իսկ ավանդը ներդնել արտարժույթով, բանկի կողմից հաճախորդի ստորագրմանը պետք է ներկայացվի համապատասխան փաստաթուղթ, որի ձևը կից ներկայացնում ենք, և որով հաճախորդը կհավաստի, որ ինքը նախընտրում է իրեն փոխանցվող գումարը, իրեն տրամադրվող վարկը ստանալ, իսկ ավանդը ներդնել արտարժույթով:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Ձեզ հաճախորդների հետ հարաբերություններում կիրառել կից ներկայացվող ձևը, հետագայում արտարժույթով գումարի ստացումը (ներդրումը) նախընտրելու դեպքերի վերաբերյալ վերլուծություն կատարելու նպատակով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝   ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման 2-րդ բաժնի պետ Վազգեն Մնացականյանին