0% Տոկոսադրույքով (անտոկոս) ժամկետային և ցպահանջ ավանդների ներգրավման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում
գործող բանկերին
Հարգելի՛ պարոնայք,
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի դիտարկումների համաձայն, հաճախակի են դարձել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից 0% տոկոսադրույքով (անտոկոս) ավանդների ընդունման դեպքերը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 906-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ.
Բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով:
Պայմանագրով վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկսներ վճարել սույն օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չափով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նշված հոդվածի և 49-րդ գլխի ամբողջ էությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է ավանդների դիմաց տոկսների վճարման պարտադիր պայման: Ավանդի դիմաց 0% տոկոսադրույք սահմանելը և դրա հիման վրա տոկոս չվճարելը, ըստ էության հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջի շրջանցում, որը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ բանկերի համար (դատական վեճերի և այլ դեպքերում), քանի որ նման դեպքերում ոտնահարվում են սպառողների շահերը: Այդ կապակցությամբ, այսուհետ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, կձեռնարկի համապատասխան միջոցառումներ:
Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Ձեզ վերանայել բանկերում խնդրին վերաբերող գործող կարգերը և համապատասխան փոփոխություններ կատարել ժամկետային և ցպահանջ ավանդների պայմանագրերում:
Հարգանքով՝ Տիգրան Սարգսյան
Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողություն
Աստղիկ Գևորգյանին