Հավատարմագրային կառավարման, բրոքերային գործունեության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանման և հաճախորդների հետ կնքվող պայմանագրերի կանոնակարգման վերաբերյալ
Հայտնում ենք, որ 2006թ. ընթացքում մասնագիտացված անձանց մոտ վերահսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք նույնատիպ խախտումներ, որոնք կցանկանայինք դարձնել Ձեր ուշադրության առարկան՝ ակնկալելով համապատասխան վարքագծի դրսևորում կապված մասնագիտացված գործունեության իրականացման ընթացքում նման բնույթի խախտումների վերացման և հետագա կանխարգելման հետ.
- «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) 81 հոդվածի 1-ին մասի համաձայն արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է սահմանել հավատարմագրային կառավարման գործունեությունը կարգավորող ներքին կանոններ՝ անկախ այն հանգամանքից Կենտրոնական բանկի կողմից նման կանոնների նկատմամբ պահանջներ սահմանված են, թե ոչ: Այսինքն, ներկայումս արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն իրականացնող մասնագիտացված անձը պետք է սահմանի արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեությունը կարգավորող ներքին կանոններ:
- Օրենքի 70 հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնագիտացված անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ծառայողական տեղեկությունները պատշաճ պահպանելու համար: Նշված պահանջի շրջանակում յուրաքանչյուր մասնագիտացված անձ պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ ծառայողական տեղեկատվության պահպանման և օգտագործման ուղղությամբ: Օրինակ՝ պետք է ներդնի ծառայողական տեղեկությունների պահպանման անհրաժեշտ տեխնիկական և տեղեկատվական անվտանգության համակարգեր, սահմանի ծառայողական տեղեկությունների պահպանման և տրամադրման, ծառայողական տեղեկություններ պարունակող փաստաթղթերի պատրաստման, հաշվառման, շրջանառության, պահպանման և ոչնչացման կարգեր և այլն:
- Օրենքի 78 հոդվածի 1-ին մասի համաձայն բրոքերային ծառայությունների պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել՝ բրոքերային ընկերությանն առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով և բրոքերային ընկերությունը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները և այդ իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով: Նշված պահանջի շրջանակում արգելվում է բրոքերային ծառայությունների պայմանագրում սահմանել հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծելու ավելի երկար ժամկետ, քան 10-օրյա ժամկետն է (օրինակ՝ 30 օր առաջ) և միջոցների ավելի ուշ փոխանցումը:
- Օրենքի 80 հոդվածի 1-ին մասի համաձայն հավատարմագրային կառավարումը անձի կողմից պարգևավճարի դիմաց իր տիրապետմանը հանձնված արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումն է: Ըստ այդմ, հավատարմագրային կառավարման օբյեկտ (առարկա) կարող են լինել միայն արժեթղթերը և այն դրամական միջոցները, որոնք նախատեսված են արժեթղթերում ներդրման համար: Մնացած բոլոր այլ տեսակի ակտիվների մասով հավատարմագրային կառավարումը արգելվում է: Ինչ վերաբերում է արտարժույթին, ապա հավատարմագրային կառավարումը արգելվում է՝ եթե այն դիտվում է որպես հավատարմագրային կառավարման օբյեկտ (օրինակ՝ ըստ պայմանագրի այն համարվել է որպես հավատարմագրային կառավարման ուղղություններից մեկը և այլն) և թույլատրվում է՝ եթե այն հանդիսանում է որպես դրամական միջոց արժեթղթերում ներդրման համար:
- Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հավատարմագրային կառավարման պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Նշված պահանջի շրջանակում հավատարմագրային կառավարիչը պայմանագրի գործողության դադարեցման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերադարձնի հավատարմագրային կառավարման միջոցները հաճախորդին կամ նրա ներկայացուցչին՝ անկախ որևէ հանգամանքից:
|
Տիգրան Սարգսյան |
|
անուն, ազգանուն |
|
ստորագրություն |
|
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ |
|
իրավասու անձի պաշտոնը |
ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի վարչություն
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար
նախաձեռնող (անհրաժեշտության դեպքում նաև` շահագրգիռ)
ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանման մասին նշում
Խաչիկ Խաչատրյան
պարզաբանում տալու իրավասություն ունեցող անձի (անձանց) անունը, ազգանունը,