Բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման և անցկացման վերաբերյալ
Բանկերում բաժնետերերի ժողովների հրավիրման և անցկացման գործընթացի ուսումնասիրությունների արդյունքում առաջացել են որոշ խնդիրներ, որոնց պարզաբանման նպատակով հայտնում ենք,
1.«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ բաժնետերերի ժողովի գումարման մասին ծանուցման վերաբերյալ.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի կիրառման ապահովման նպատակով առաջարկում ենք. կանոնադրության մեջ փոփոխություններ իրականացնելիս կամ առաջիկայում գումարվելիք բաժնետերերի ժողովում բաժնետերերի ժողովի գումարման մասին ծանուցման որոշակի ձև սահմանել և ծանուցումը իրականացնել՝ առաջնորդվելով ներքոհիշյալ մոտեցումներով:
Եթե բաժնետերերի ժողովի գումարման վերաբերյալ որպես ծանուցման ձև սահմանվում է նաև հրապարակումը թերթի միջոցով, ապա կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ անհրաժեշտ է սահմանել նաև կոնկրետ թերթի անվանումը, որում պետք է հրապարակվի ծանուցումը: Այս դեպքում հարկավոր է զերծ մնալ ոչ հստակ. օրինակ «1000-ից ավել տպաքանակ ունեցող թերթ, կամ կենտրոնական թերթ, կամ խորհրդի որոշմամբ հաստատված թերթ» և այլ նմանատիպ ձևակերպումներից:
Եթե ընկերության կանոնադրությամբ ծանուցման հստակ ձև դեռևս սահմանված չէ, ապա ժողովի գումարման մասին ծանուցման տրամադրումը բաժնետերերին պետք է իրականացնել պատվիրված նամակներով կամ անձամբ հանձնելով:
Եթե բաժնետերերի ժողովի գումարման վերաբերյալ ծանուցումը իրականացվում է անձամբ հանձնելով, ապա ինչ-ինչ պատճառներով բաժնետերերի ռեեստրում նշված հասցեներից բաժնետերերի բացակայության դեպքում, անհրաժեշտ է սահմանված ժամկետում այդ բաժնետերերին ժողովի գումարման մասին ծանուցումը կատարել պատվիրված նամակներով:
Հնարավոր թյուրիմացություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք նաև քվեաթերթիկները և/կամ ժողովի գումարման մասին ծանուցումը բաժնետերերին անձամբ հանձնումը ամրագրել բաժնետիրոջ ստորագրությամբ (ստացականով կամ այլ կերպ):
2.«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ բաժնետերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազման վերաբերյալ.
Բաժնետերերի ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման համար հիմք պետք է ընդունել բացառապես խորհրդի որոշմամբ հաստատված տարվա, ամսվա, ամսաթվի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ–ի կողմից տրամադրված ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալները:
3.«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ.
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2112 հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան բանկերը 2006 թվականի ընթացքում իրականացրել են կանոնադրության փոփոխություն, որի համաձայն բանկերում վերստուգող հանձնաժողով չի ստեղծվում: Քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավական տեսակետից որոշակիորեն սահմանափակվում են բաժնետերերի իրավունքները՝ արդյունքում այն բաժնետերերի մոտ, որոնք բաժնետերերի ժողովում կանոնադրության համապատասխան փոփոխությանը դեմ են քվեարկել կամ չեն մաuնակցել այդ հարցի քվեարկությանը, առաջանում է իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք: Առաջարկում ենք օրենքով սահմանված կարգով ծանուցել բաժնետերերին՝ նրանց մոտ Ընկերությունից իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման մասին:
Արժեթղթերի շուկայի վարչության պետ՝ Խաչիկ Խաչատրյան
Շրջաբերական նամակի հետ կապված հարցերը պարզաբանելու համար դիմել
Արժեթղթերի շուկայի վարչություն
Վահան Բաբայանին