«Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի վերաբերյալ
Հաշվի առնելով ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թվականի հունիսի 3-ի թիվ 172 Ն որոշմամբ հաստատված «Տրամադրված փոխառությունների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ» թիվ 19 հաշվետվության լրացման հետ կապված հարցադրումները՝ հայտնում ենք հետևյալը.
- Հաշվետվության Աղյուսակ 1-ում չեն արտացոլվում ապահովագրական ընկերության բանկային հաշիվները, բյուջեի նկատմամբ դեբիտորական պարտքերը, հաշվեգրված ստացվելիք տոկոսները, ՀՀ պետական պարտատոմսերը: Այն ակտիվները, որոնց համար նախատեսված չեն առանձին տողեր, արտացոլվում են «1.1.ժամկետային ակտիվներ», «1.2. երկարաձգված ակտիվներ», 1.3.«ժամկետանց ակտիվներ» տողերում:
- «1.1.«Ժամկետային ակտիվներ»» տողում լրացվում են այն ակտիվների հաշվեկշռային մնացորդները, որոնք համաձայն Կանոնակարգ 3/04-ի 193-րդ (բացառությամբ բանկային հաշիվների, բյուջեի նկատմամբ դեբիտորական պարտքերի, հաշվեգրված ստացվելիք տոկոսների, ՀՀ պետական պարտատոմսերի) կետի պետք է արտացոլվեն 19-րդ հաշվետվության 1-ին աղյուսակում: Ընդ որում՝ «1.1 .«Ժամկետային ակտիվներ»» տողում արտացոլված թիվը կարող է մեծ կամ հավասար լինել առանձին տողերով ցույց տրվող ապահովագրավճարների, հատուցումների գծով դեբիտորական պարտքերի, տրամադրված փոխառությունների ու ներդրված ավանդների գումարների հանրագումարին: Օրինակ՝ «1.1.«Ժամկետային ակտիվներ»» տողում ապահովագրավճարների, հատուցումների գծով դեբիտորական պարտքերի, տրամադրված փոխառությունների ու ներդրված ավանդների գումարներից բացի պետք է արտացոլվեն նաև վերաապահովագրողից ստացվելիք ժամկետային միջնորդավճարների գումարները:
- Աղյուսակ 1-ի «Ընդամենը տրամադրված փոխառություններ, դեբիտորական պարտքեր, ավանդներ» աղյուսակում տողի «Ընդամենը» սյունակում լրացվում են Կանոնակարգ 3/04-ի 193-րդ կետով նշված ակտիվների հաշվեկշռային մնացորդները նաև ոչ ռեզիդենտների գծով:
- 4. Աղյուսակ 1-ում չեն արտացոլվում ցպահանջ և անժամկետ ակտիվները, այդ պատճառով նախատեսված չեն համապատասխան սյունակները:
- Աղյուսակ 1-ի «Հատուցումների գծով դեբիտորական պարտքեր» տողում արտացոլվում են նաև սուբրոգացիայի հետևանքով առաջացած պահանջները (դեբիտորական պարտքերը):
- «Տրամադրված փոխառությունների, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը» Աղյուսակ 2-ում ներդրված ավանդների գումարները պետք է արտացոլվեն «Փոխառություններ» սյունակում, մյուս բոլոր դասակարգման ենթակա հաշվեկշռային ակտիվների մնացորդներ՝ «Դեբիտորական պարտքեր» սյունակում:
- 7. Կանոնակարգ 3/09-ի համաձայն ակտիվների հնարավոր կորուստների գծով ձևավորված պահուստների գումարները պետք է արտացոլել ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թ. հոկտեմբերի 2-ի թիվ 314Ն որոշմամբ հաստատված ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի ակտիվների յուրաքանչյուր բաժնի համար նախատեսված ենթաբաժինների համապատասխան հաշիվներում:
Մասնավորապես ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստը պետք է արտացոլել «1160 Ուղղակի ապահովագրության և համաապահովագրության գծով ստացվելիք գումարների հնարավոր կորուստների պահուստ» հաշվում, ռեզիդենտների նկատմամբ դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստը պետք է արտացոլել «1760 Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ծածկման պահուստ» հաշվում, տրամադրված փոխառությունների հնարավոր կորուստների պահուստը՝ «1260 Ընթացիկ ներդրումների և փոխառությունների հնարավոր կորուստների (անհավաքագրելիության) պահուստ» հաշվում, իսկ վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստը՝ 365 «Պահուստներ» ենթաբաժնի համապատասխան հաշիվներում: - 8. Ապահովագրական ընկերությունների կողմից հաշվապահական հաշվեկշռից դուրս գրված ակտիվները պետք է արտացոլվեն «806 Այլ արտահաշվեկշռային հոդվածներ» հաշվում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գայանե Գասպարյան