«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր 
բանկերին
վարկային կազմակերպություններին 
գրավատներին

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք ձեզ, որ 2009 թվականի հունվարի 24-ից ուժի մեջ կմտնի «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ պետք է ներառվեն ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, երբ այդ ծառայություններից օգտվելը կրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման է, և

  1. այդ ծառայությունների շահառուն կրեդիտավորողն է, կամ
  2. կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Այս առումով, ապահովելու համար սպառողների շահերի պաշտպանությունը, առաջարկում ենք այն ընկերություններին, ովքեր համագործակցում են միայն մեկ օժանդակ ծառայություններ մատուցող  կազմակերպության (ապահովագրական ընկերություն, գնահատող կազմակերպություն և այլն) հետ, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը  ապահովելու համար սպառողների կողմից օժանդակ ծառայություններ մատուցող անձանց շրջանակից ընտրություն կատարելու հնարավորություն:

Միևնույն ժամանակ, վերը նշված օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն կրեդիտավորման պայմանագրերում ի թիվս այլ պարտադիր տարրերի պետք է ներառվի ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գնի մասին նշում, եթե դարձյալ այդ օժանդակ ծառայություններից օգտվելը կրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման է, և այդ ծառայությունների շահառուն կրեդիտավորողն է, կամ կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Կատարող՝
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Սևակ Միքայելյան