Ապահովագրական պատահարների տեղեկացման ժամկետների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
բոլոր ապահովագրական ընկերություններին

Ապահովագրական պատահարների տեղեկացման ժամկետների վերաբերյալ

Հայտնում ենք Ձեզ, որ սպառողներից ստացվում են մեծ թվով բողոքներ, որոնք բխում են այն փաստից, որ ապահովագրական ընկերությունները ապահովագրական պայմանագրում որպես ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու ժամկետ սովորաբար սահմանում են 24 ժամը, որը հաճախ չի պահպանվում ապահովադիրների կողմից (հաճախ նաև օբյեկտիվ պատճառներով), ինչի արդյունքում նրանք զրկվում են ապահովագրական հատուցումից:

Կարծում ենք, որ 24 ժամը չի կարող ողջամիտ ժամկետ դիտվել բոլոր դեպքերի համար, քանի որ ապահովագրական պատահարի հետևանքով անձինք կարող են գտնվել ֆիզիկական, հոգեբանական այնպիսի իրավիճակներում կամ այնպիսի միջավայրում, երբ հնարավոր չէ 24 ժամվա ընթացքում ապահովագրական ընկերությանը տեղեկացնել ապահովագրական պատահարի մասին:

Բացի այդ, սպառողները բողոքում են նաև, որ ապահովագրության պայմանագիր կնքելիս իրենք չեն պատկերացնում, որ կարող են հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ հնարավոր չի լինի պահպանել սահմանված ժամկետը, իսկ ապահովագրական ընկերությունները նրանց չեն տեղեկացնում այդ ժամկետի պահպանման հնարավոր դժվարությունների մասին:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունները պարտավոր են նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը հաճախորդին գրավոր ներկայացնել և բանավոր բացատրել ապահովագրության պայմանագրի բոլոր էական պայմանները: Կարծում ենք, որ էական պայմաններից է նաև բացատրել (շեշտադրել) այն հանգամանքը, որ սահմանված ժամկետը (օրինակ՝ 24 ժամը) խախտելու դեպքում ապահովագրական հատուցում չի վճարվում անգամ եթե ժամկետը խախտվել է օբյեկտիվ պատճառներով:

Ուստի սպառողների շահերի պաշտպանությունը և ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք նախքան ապահովագրության պայմանագիր կնքելը հաճախորդներին մանրամասն բացատրել սահմանված ժամկետը չպահպանելու հնարավոր հետևանքները, ինչպես նաև զերծ մնալ ապահովագրական պատահարների տեղեկացման ոչ ողջամիտ ժամկետներ սահմանելուց:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Վահե Վարդանյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Էլլա Հակոբյան