Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվական ծառայության մատուցման սահմանափակման վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց (ըստ կցված ցուցակի)

Առարկան՝ Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվական ծառայության մատուցման սահմանափակման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի փետրվարի 29-ից ուժի մեջ է մտել «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը համարվում է ներդրումային ծառայություն և այսուհետ ենթակա է լիցենզավորման: Ավելին, նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայությունների մատուցումն (այդ թվում` արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը) առանց «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով տրված համապատասխան լիցենզիայի:

Միևնույն ժամանակ, փաստում ենք, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի և Ձեր ընկերության ինտերնետային կայքերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունը ներկայումս ուղղակի կամ անուղղակի ներկայանում է որպես արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատու և/կամ հանդես է գալիս նման ծառայությունների մատուցման առաջարկությամբ (մասնավորապես` консультации по вопросам вложения капитала на финансовом рынке, консультации по вопросам вложения капитала на фондовом рынке, консультации по вопросам купли-продажи ценных бумаг և այլն):

Ելնելով վերը նշվածից, առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխանեցնել ընկերության կողմից արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին (այդ թվում՝ լիցենզավորման պահանջին) կամ դադարեցնել արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրման առաջարկությամբ հանդես գալը, ներկայանալը և/կամ իրականացնելը:

Ֆինանսական վերահսկողության վարչության պետ՝ Հրանտ Սուվարյան

Սույն գրության հետ կապված հարցերով դիմել
Ֆինանսական վերահսկողության վարչություն
Մարինե
Իսահակյանին